Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս Անջելեսում

Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում՝ Warner Bros. Studios.-ի Steven J. Ross կինոթատրոնում 2026 թվականի հոկտեմբերի 3-ին կայացավ կինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ խաղարկային ֆիլմի առաջնախաղը։

Ցուցադրությունը անցկացվել է հանդիսավոր կերպով՝ համախմբելով ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմի անդամներին, կինոյի ոլորտի ներկայացուցիչներին, արվեստագետներին, լրագրողներին։

Միջոցառմանը ներկա էին ֆիլմում կենտրոնական և գլխավոր դեր ունեցող աշխարհահռչակ դերասաններ ԱՄՆ-ից՝ Արմանդ Ասանտեն և Գերմանիայից՝ Հայնո Ֆերխը, երիտասարդ տաղանդավոր դերասաններ՝ ֆրանսիահայ՝ Ռոբին Հայրաբեան և ֆրանսուհի՝ Քլեմանս Բոդուեն, ինչպես նաև այլ հայտնի հյուրեր և մշակութային գործիչներ։ Ֆիլմում կենտրոնական և կարևոր դերակատարություն ունեն նաև Ռումինիայից՝ Մայա Մորգենշտերնը, հայազգի դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը, Արթուր Բաղդասարյանը, Մարինե Գաբրիելյանը և շատ ուրիշներ։

«Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է՝ ստեղծված Հայաստանի, Լիտվայի և Կիպրոսի միջև համատեղ արտադրությամբ։ Նա այս ֆիլմով շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը՝ հայկական պատմություններն ու ժամանակակից համամարդկային խնդիրները հասցնելով միջազգային լսարանին։

«Վերածնվածը» ֆիլմը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված գիտաֆանտաստիկ արտհաուս դրամա է, որտեղ արհեստական բանականության բարեշրջման միջոցով վերաիմաստավորվում են մերօրյա պատերազմի արհավիրքն ու մարդկային հոգու վերածնունդը։ Ֆիլմը անդրադառնում է 2020 թվականի արցախյան պատերազմի իրադարձություններին և դրանց ողբերգական հետևանքներին։

Լոսանջելեսյան առաջնախաղին կհաջորդի ԱՄՆ-ի հայկական համայնքներում և այլ վայրերում հատուկ ցուցադրությունները, որի ուղղությամբ այժմ ֆիլմի ստեղծագործական խումբը աշխատում է։ Ֆիլմի միջազգային ցուցադրությունների և տարածման վրա աշխատանքները ևս շարունակվում են։

Հայաստանի կինոթատրոններում «Վերածնվածը» նախատեսվում է թողարկել 2027 թվականի մարտից։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment