Աջափնյակում կրպակներ կապամոնտաժեն․ 50, 000 դոլարի ապրանք են բերել, չգիտեն` ինչ անեն

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 4 օրից կրկին կրպակներ են ապամոնտաժելու, տնտեսվարողներն ու տարածքների սեփականատերերը բողոքի ակցիա են անում։

«Այս տարածքները հայրս ու հորեղբայրներս են սարքել դեռ 20-25 տարի առաջ ձուկ վաճառելով։ Հետո իշխանությունները թույլ են տվել, մենք էլ սարքել ենք խանութները, սեփականության վկայականները կան։ Այժմ տարածքները վարձակալության ենք հանձնել։ Մոտ 20-25 օր առաջ թաղապետարանից եկան ու ասացին, որ պետք է քանդեն բոլոր խանութները, բայց մեզ վստահեցրին, որ մեր տարածքները չեն քանդելու, քանի որ օրինական են։ Երկու օր առաջ արդեն հայտնեցին, որ ամբողջը պետք է քանդվի, բայց հիմքը ո՞րն է։ Մինչ այդ այստեղ քանդել էին որոշ տարածքներ, մեկն էլ մերն էր, որ անօրինական էր, ձայն չհանեցինք, բայց հիմա չենք հասկանում ինչու է սա արվում»,– ասել է մի քանի տարածքի սեփականատեր Դավիթ Նահապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նահապետյանի փոխանցմամբ՝ սեփականատերերն ու խանութների վարձակալներն արդեն դիմել են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ փորձելով պարզաբանումներ ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սակայն նրանց տեղեկացրել են, որ նախատեսվում է ապամոնտաժել բոլոր տարածքները՝ առանց լրացուցիչ ժամանակ տրամադրելու։

Սեփականատերը նաև ուշադրություն է հրավիրել տնտեսվարողների հնարավոր ֆինանսական կորուստների վրա։ Նրա խոսքով՝ մոտ 20 օր առաջ ստացած հավաստիացումներից հետո, թե խանութները չեն քանդվելու, գործարարները շարունակել են իրենց բնականոն գործունեությունը և նոր ապրանքներ պատվիրել։

Մասնավորապես, տնտեսվարողներից մեկը Չինաստանից ներմուծել է 50 հազար դոլար արժողությամբ ապրանք, իսկ մյուսը մեկ այլ երկրից զգալի գումարի ապրանքային խմբաքանակ է ձեռք բերել։ Այժմ նրանք հայտնվել են անորոշ իրավիճակում՝ չիմանալով, թե ինչպես տնօրինեն արդեն պատվիրված կամ ներկրված ապրանքը։

Նահապետյանը միաժամանակ պարզաբանել է, որ իր և մյուս սեփականատերերի՝ համայնքային հողատարածքների վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետներն ավարտվել են դեռևս 2018 և 2020 թվականներին։

Նրա ներկայացմամբ՝ թեև հողի վարձակալության պայմանագրերը չեն երկարաձգվել, այդ տարածքներում գտնվող անշարժ գույքը սեփականատերերին է պատկանում, և համապատասխան իրավունքները գրանցված են Կադաստրի կոմիտեում։

Նահապետյանը հավաստիացրել է, որ սեփականատերերը դիմումներ են ներկայացրել հողի վարձակալության ժամկետները երկարաձգելու նպատակով, սակայն դրանց ընթացք չի տրվել՝ առանց պատճառների հստակ պարզաբանման։

«Իրենք ասում են` համայնքային հողի վրա է ու գերակա շահ է, բայց մեր սեփականությունն է։ Պահանջում ենք, որ փոխհատուցեն դրա համար։ Թող դատարանի թույլտվություն բերեն, որ թույլատրվել է մեր սեփականություն համարվող տարածքները քանդել։ Մեզ ոչ մի այլ տարածք չեն առաջարկում, մենք էլ դեռ այս ամենը չենք հասցրել գնահատել, որ իմանանք մեր վնասների չափը»,– ասել է Նահապետյանը։

Սեփականատիրոջ խոսքով՝ տարածքների հետագա օգտագործման վերաբերյալ ևս հստակություն չկա։ Նա նշել է, որ տեղեկություններ են շրջանառվում տվյալ հատվածում և դրան հարակից տարածքներում բազմաբնակարան շենքերի կառուցման հնարավորության մասին։

Միևնույն ժամանակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից տնտեսվարողներին հայտնել են, որ ապամոնտաժումից հետո նախատեսվում է տարածքի կանաչապատում։

Բողոքի ակցիայի մասնակիցները մտահոգություն են հայտնել նաև սոցիալական հետևանքների վերաբերյալ։ Նրանց հաշվարկներով՝ խանութների և առևտրային տարածքների ապամոնտաժման արդյունքում մոտ 100-150 մարդ կարող է զրկվել եկամտի աղբյուրից։

Որպես օրինակ՝ հավաքվածները նշել են տարածքում գործող հացի փուռը, որտեղ աշխատում է 30 մարդ։ Նրանք ընդգծել են, որ աշխատակիցներն ընտանիքներ ունեն, և գործունեության դադարեցումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ նրանց սոցիալական վիճակի վրա։

Տարածքների վարձակալներից Էֆիկ Ֆահրադյանը պատմել է, որ զբաղվում է հագուստի վաճառքով և արդեն հասցրել է նախապատրաստվել ձմեռային առևտրային սեզոնին։

Նրա փոխանցմամբ՝ համապատասխան ապրանքների գնումներն իրականացվել են, իսկ պատվիրած խմբաքանակը դեռ ճանապարհին է։ Այդուհանդերձ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մերժել է տնտեսվարողներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու խնդրանքը։

Ֆահրադյանը նշել է, որ գործարարները ցանկացել են առնվազն մինչև տարեվերջ շարունակել աշխատանքը, որպեսզի կարողանան գտնել իրենց ֆինանսական հնարավորություններին համապատասխան վարձավճարով այլ առևտրային տարածքներ, սակայն նրանց տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ ապամոնտաժումը հետաձգելու հնարավորություն չկա։

Տնտեսվարողի խոսքով՝ մոտ 20 օր առաջ իրեն նույնպես հավաստիացրել են, որ խանութը չի ապամոնտաժվելու։ Հենց այդ տեղեկության հիման վրա էլ նա վարկ է վերցրել՝ նոր ապրանքներ ձեռք բերելու նպատակով։

Այժմ, երբ խանութի ապամոնտաժման որոշման մասին տեղեկացվել է, Ֆահրադյանը հայտնվել է բարդ իրավիճակում՝ միաժամանակ ունենալով վարկային պարտավորություններ, ճանապարհին գտնվող ապրանք և առևտրային գործունեությունը շարունակելու անորոշ հեռանկար։

Leave a comment