Ամերիկյան Apple Inc.-ը որոշ մատակարարների խնդրել է կրճատել շուկայում վերջերս հայտնված iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելների բաղադրիչների արտադրությունը։ Պատճառը հիշողության չիպերի գների աճն ու սարքերի թանկացումն է, որոնք սահմանափակում են սպառողական պահանջարկը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Nikkei Asia-ն։
Աղբյուրների խոսքով՝ սեպտեմբերի սկզբից ընկերությունն ավելի զգուշավոր է դարձել մատակարարումների կանխատեսումների հարցում։ Արդյունքում հոկտեմբեր ամսվա բաղադրիչների պատվերները կրճատվել են առնվազն 15%-ով՝ սկզբնական ծրագրերի համեմատ։
Հունիսին Apple-ը բարձրացրել էր iPad և MacBook սարքերի գները՝ հայտարարելով, որ այլևս չի կարող սպառողներին պաշտպանել հիշողության չիպերի և կուտակիչների գների կտրուկ աճի հետևանքներից։ Թանկացումը պայմանավորված է արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի համար տվյալների կենտրոնների ենթակառուցվածքների ընդլայնմամբ։
Տեխնոլոգիական ընկերություններն ակտիվորեն ձեռք են բերում չիպերի արտադրական հզորություններ և հիշողության չիպեր՝ ԱԲ-ի կարիքների համար տվյալների մշակման կենտրոնների աշխատանքն ապահովելու նպատակով։ Դա հանգեցնում է դեֆիցիտի և գների աճի, ինչը, կանխատեսումների համաձայն, ընթացիկ տարում կհանգեցնի անհատական համակարգիչների և սմարթֆոնների շուկաների կրճատմանը։
iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի մեկնարկային գները համապատասխանաբար կազմում են 1199 և 1299 դոլար։ Դրանք 100 դոլարով բարձր են iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max մոդելների մեկնարկային գներից։