Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար

Քաղաքականություն

09.10.2026 | 21:43

Ադրբեջանում մի շարք դպրոցների հանձնարարական է տրվել՝ հիջաբով ուսուցիչներին թույլ չտալ դասավանդել։ Ուսուցիչների խոսքով, որոնք ադրբեջանական անկախ Toplum TV-ի հետ զրուցել են անանուն մնալու պայմանով, Սումգայիթի մի քանի դպրոցներ նման հրահանգներ են ստացել Գիտության և կրթության նախարարությունից։ Հրահանգների համաձայն՝ հիջաբ կրող ուսուցիչները պարտավոր են կա՛մ հանել դրանք, կա՛մ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։

Լրագրող Արզու Աբդուլլայի կողմից սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ուսուցիչներին արգելվել է գլխաշոր կրել նաև Բաքվի Ռամանա բնակավայրի թիվ 90 միջնակարգ դպրոցում։

Գիտության և կրթության նախարարությունն այս հարցի վերաբերյալ հայտարարություն չի տարածել։

Ըստ որոշման՝ արգելքը հիմնված է Նախարարների կաբինետի հոկտեմբերի 6-ի որոշման վրա։ Այդ որոշման համաձայն՝ պետական ​​հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչները պետք է հետևեն հագուստի համար սահմանված կանոններին։ Չնայած դրանք հատուկ չեն արգելում հիջաբը, նշում են, որ հագուստը պետք է համապատասխանի աշխարհիկության սկզբունքին։

Ավելի վաղ նման որոշում էր կայացվել աշակերտների մասով։ Տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե ինչպես Ադրբեջանի տարբեր բնակավայրերի դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չեն տվել մտնել դպրոց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment