Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով hանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. 

«ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով:

Այս մասին քիչ առաջ հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Զանգահարել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ, տեղեկացրել դեպքի մասին: Հուսամ գոնե այս դեպքով արձագանքը չի ուշանա»:

Կանանց ռեսուրսային կենտրոնը հայտնում է. «Ցավով ենք արձանագրում, որ մամուլից տեղեկացանք «Գուստավ» ռեստորանում տեղի ունեցած դեպքի մասին, որտեղ մենեջերն իր հեռախոսը տեղադրել էր կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել նրանց։

Սա բացարձակապես անընդունելի է: Նման դեպքերը, եթե մնում են անպատիժ, նպաստում են հանրային տարածքներում կանանց նկատմամբ բռնության հանդեպ նորմալացմանը:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել անաչառ քննություն՝ պաշտպանելով զոհերի լավագույն շահը:

Հիշեցնենք, որ սեռական բռնության և ոտնձգության դեպքերում անվճար և զգայուն խորհրդատվության համար կարող եք զանգահարել՝ 077 99 12 80 (Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment