ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ հասարակությունը պահանջում է հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
«Գիտեք, որ այդ զեկույցն Ազգային ժողովի գաղտնի բաժնում է, եւ պատգամավորները, ովքեր համապատասխան փաստաթուղթը ստորագրել են եւ իրավունք ունեն, կարող են ծանոթանալ։ Հանրայնացման վերաբերյալ քննարկումներ ժամանակին եղել են, ես ինքս սկզբունքորեն դեմ չեմ, բայց պետք է հասկանալ ընդհանրապես բոլոր կողմերի տրամադրվածությունը, գաղտնիության մասերի հարցը եւ այլն։ Ես թեման կուսումնասիրեմ, եւ եթե հավելյալ ասելիք լինի, կանդրադառնամ դրան»,- նշեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին՝ նա ասաց․ «Մեր դիրքորոշումն այս թեմայով երբեւիցե փոփոխություն չի կրել, մենք նոր Սահմանադրության ընդունման հարցը երբեւէ չենք կապել եւ չենք կապում «խաղաղության պայմանագրի» կնքման կամ չկնքման հետ։ Այն չի եղել բանակցությունների առարկա, այն մեր ներքին գործն է։ Իսկ ընդհանուր առմամբ մեր ներքին համատեքստում մենք հայտարարել ենք, որ Սահմանադրության տեքստը վերջնական քննարկման փուլում է եւ մինչեւ տարվա ավարտ կհրապարակենք, հետո արդեն համապատասխան ընթացակարգերով կգնանք եւ կհասկանանք՝ ինչպես շարժվել առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: