Եմենի ճանաչված կառավարությունը լայնածավալ հարձակում է սկսել հութիների դեմ (PAN.am)

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ռաշադ ալ Ալիմին հայտարարել է հութիների վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքն ազատագրելու նպատակով լայնածավալ պատերազմի մեկնարկի մասին։

Հութիների ապստամբական շարժումն առաջացել է Եմենի հյուսիսում, սակայն ավելի քան տասը տարի առաջ իր վերահսկողության տակ է վերցրել ընդարձակ տարածքներ և երկրի մայրաքաղաքը, գրում է BBC-ն:

Նախագահ Ռաշադ ալ Ալիմիի հայտարարությունը հնչել է հութիների և հարևան Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի փոխադարձ հարվածներից հետո։ Հութիները սպառնացել են արգելափակել նավթի արտահանումը Բաբ էլ Մանդեբի նեղուցով, որը Կարմիր ծովը կապում է Հնդկական օվկիանոսի հետ։

Իրանի դաշնակից հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ազգային նավթային Aramco ընկերության օբյեկտներին։ Նրանք գործողությունը ներկայացրել են որպես պատասխան Եմենի ուղղությամբ կես օրվա ընթացքում սաուդյան կոալիցիայի հասցրած 50 հարվածներին։ Էր Ռիադն այս հայտարարությունը չի մեկնաբանել։

Եմենի ճանաչված կառավարության ռազմատենչ հայտարարությունն անսպասելի չի եղել։ Սեպտեմբերին հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել նոր տարածքներ և, ի վերջո, երկրի առափնյա հատվածը՝ ներառյալ նեղուցով անցնող կարևորագույն ծովային ուղին։

Հեռուստաուղերձում Ռաշադ ալ Ալիմին հայտարարել է. «Այսօր ես հայտարարում եմ հանրապետության մնացած տարածքն ազատագրելու և պետության ու նրա ինստիտուտների իշխանությունը երկրի ամբողջ տարածքում տարածելու ռազմական գործողությունների մեկնարկի մասին»։

Եմենի մայրաքաղաք Սանան, որն ավելի քան տասը տարի գտնվում է հութիների վերահսկողության ներքո, շարունակական հարձակումների է ենթարկվել։ Այդ կերպ կառավարական ուժերը փորձել են թուլացնել հակառակորդի ռազմական ներուժը։

Հութիների դեմ հարձակումները տարածվել են Եմենի ամբողջ տարածքում՝ ներառելով նաև հյուսիսային Սաադա նահանգը, որտեղից ժամանակին հութիները սկսել են իրենց հարձակումը կառավարության դեմ։ Այդուհանդերձ, ուժային կառույցների աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հութիները շարունակել են նոր դիրքեր գրավել, իսկ ճակատային գիծը դեռ անցել է ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի մոտ։ Քաղաքը մինչ այժմ մնացել է միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ։

AFP գործակալության հաղորդմամբ՝ կիրակի հութիները կտրել են Թաիզը ճանաչված կառավարության ժամանակավոր մայրաքաղաք Ադենի հետ կապող կարևորագույն մատակարարման ճանապարհը։

Հղում անելով Եմենի զինված ուժերի երեք աղբյուրների՝ AFP-ն նաև հայտնել է, որ հութիներն արդեն վերահսկողություն են հաստատել տվյալ շրջանի և մատակարարման ճանապարհի նկատմամբ՝ փաստացի շրջափակելով Թաիզը։

«Նրանք հասել են ռազմական նպատակին՝ Թաիզը մեկուսացրել են Ադենից, նույնիսկ եթե դրա նկատմամբ ամբողջական վերահսկողություն չեն հաստատել», — AFP-ին հայտարարել է բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի գիտաշխատող Ֆարեա ալ Մուսլիմին։

Քիչ հավանական է համարվում, որ նախագահ Ալ Ալիմին նման կտրուկ հայտարարություն աներ առանց Սաուդյան Արաբիայի հավանության։ Թագավորությունը շարունակում է մնալ նրա կառավարության աջակցության գլխավոր աղբյուրը։

Սաուդյան Արաբիան շարունակական հարձակումների է ենթարկվել հութիների կողմից, որոնք փորձել են թագավորությանը զրկել նավթի արտահանումից ստացվող եկամուտներից։

Եմենի հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ խմբավորումը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Էր Ռիադում և թագավորության արևելքում գտնվող նավթով հարուստ Խուրայսի շրջանում Aramco ընկերության օբյեկտների վրա։

«Երկու գործողություններն էլ հաջողությամբ հասել են իրենց նպատակներին։ Հարվածները ճշգրիտ են եղել և խոշոր հրդեհներ են առաջացրել թիրախավորված օբյեկտներում», — նշվել է հայտարարության մեջ։

Հութիներն արդեն նախկինում ևս հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Էր Ռիադը նոր հայտարարությունը դեռ չի մեկնաբանել, սակայն ավելի վաղ նշել է, որ հութիների պնդումները մոլորեցնող են։

Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տվել, թե ինչ գին կարող է վճարել Սաուդյան Արաբիան և, որպես հետևանք, համաշխարհային տնտեսությունը, եթե հութիների դեմ նոր լայնածավալ պատերազմ սկսվի։

Ի պատասխան՝ հութիների վերահսկողության տակ գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան նույնպես հարվածներ է հասցրել հութիների օբյեկտներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին իրականացված հարվածների հետևանքով առնվազն երկու մարդ վիրավորվել է։

Հոկտեմբերի 3-ին Եմենի կառավարությունը ևս հայտարարել է, որ իր ուժերը հարվածներ են հասցրել հութիների թիրախներին երկրի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Սանայում, Սաադայում և Թաիզի մերձակայքում գտնվող խմբավորման դիրքերին։ Եմենը շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը և գտնվում է լայնածավալ հումանիտար ճգնաժամի պայմաններում։

Պատերազմը բռնկվել է 2014 թվականին, երբ հութիները գրավել են մայրաքաղաքը, ապա վերահսկողություն հաստատել երկրի հյուսիսի ընդարձակ տարածքների նկատմամբ։

Սաուդյան Արաբիան մշտապես աջակցել է օրինական կառավարությանը, իսկ 2015 թվականին Էր Ռիադն ուղղակիորեն ներգրավվել է հակամարտության մեջ՝ ձևավորելով մի քանի պետություններից բաղկացած կոալիցիա։ Եմենը ենթարկվել է ինտենսիվ ռմբակոծությունների, սակայն գրավված տարածքներում հութիների իշխանությունը պահպանվել է։

Մի քանի տարվա հարաբերական անդորրից հետո՝ հուլիսին, պատերազմը վերսկսվել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ֆոնին։

Սեպտեմբերին հութիների կայծակնային առաջխաղացումը նրանց հնարավորություն է տվել գրավել Կարմիր ծով դուրս եկող երկրի ամբողջ առափնյա հատվածը։ Դրա հետևանքով Սաուդյան Արաբիան զրկվել է այդ երթուղին որպես Հորմուզի նեղուցին այլընտրանքային նավթի արտահանման ճանապարհ օգտագործելու հնարավորությունից։

Այս ռազմավարությունը ձեռնտու է եղել հութիների գլխավոր հովանավոր Իրանին և Սաուդյան Արաբիային ստիպել է կրկին ուղղակի ռազմական առճակատման մեջ մտնել հութիների հետ։

Leave a comment