Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Infocom-ի CTRL-Z հաղորդմանը տված հարցազրույցում պնդել է, թե իր իշխանության գալուց առաջ Հայաստանում կին համայնքապետեր չեն եղել։ Նա այդ պնդումն արել է կանանց՝ քաղաքականության մեջ ավելի ակտիվ ներգրավման համատեքստում։

«2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։ 2018 թվականից հետո է, որ Հայաստանում համայնքի ղեկավար ․․․ կանայք նաև համայնքներ են ղեկավարում», – ասել է Փաշինյանը։

Նրա այս պնդումը չի համապատասխանում իրականությանը․ մինչև 2018 թվականը Հայաստանում եղել են համայնքներ, որոնց ղեկավարները եղել են կանայք։ Օրինակ, նրանց թվում են․

Էմմա Հակոբյան, Տավուշի Ոսկեվան գյուղի (համայնքի) նախկին ղեկավար,
Հրուշ Աղբալյան, Տավուշի Ոսկեպար գյուղի (համայնքի) նախկին ղեկավար,
Վարդուշ Ներսիսյան, Տավուշի Աղավնավանք գյուղի (համայնքի) ղեկավար,
Լյուդմիլա Պետրովա, Արարատի Վերին Դվին համայնքի ղեկավար (շարունակում է պաշտոնավարումը),
Ջեմմա Հարությունյան, Շիրակի Ամասիա համայնքի ղեկավար (շարունակում է պաշտոնավարումը)։

Նշված երեք համայնքապետերից առաջին երեքը եղել են չխոշորացված համայնքաների ղեկավարներ, նրանց գյուղերը հետագայում ներառվել են այլ համայնքների կազմում։

Կին համայնքապետերից Լյուդմիլա Պետրովայի ղեկավարած Վերին Դվինը մնացել է «անկախ», այսինքն չի ներառվել այլ համայնքի կազմում, քանի որ այնտեղ ապրում են ասորիներ, և ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերը չեն կարող խոշորացվել ընդհանուր կանոնով։

Առավել ուշագրավ է Ամասիայի դեպքը, քանի որ համայնքապետ Ջեմմա Հարությունյանը Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականին։ Այնուհետև 2021 թվականի ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած «َԱմասիա-Արփի» դաշինքը մրցել է ՔՊ-ի հետ, ստացել է ՔՊ-ից ավելի քիչ ձայներ, բայց երրորդ տեղը զբաղեցրած ՀՀԿ-ի ձայների շնորհիվ՝ Ջեմմա Հարությունյանը վերընտրվել է համայնքապետ։

Ամասիա համայնքում հաջորդ ՏԻՄ ընտրությունները լինելու են այս տարվա նոյեմբերի 29-ին։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ Ամասիայում ընտրողների նախնական թիվը 5751 է։

Ինչ վերաբերում է ընթացիկ ժամանակահատվածում համայնքների կին ղեկավարների թվին, ապա այն նույնպես մեծ չէ․ կանայք ղեկավարում են 4 համայնք․

Աստղիկ Հակոբյան, Բերդ համայնք,
Մանան Գևորգյան, Ջերմուկ համայնք,
Ջեմմա Հարությունյան, Ամասիա համայնք,
Լյուդմիլա Պետրովա, Վերին Դվին համայնք։

Վերջին երկուսը, ինչպես նշվեց, համայնքները ղեկավարել են նաև ՀՀԿ իշխանության տարիներին։

Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե 2018-ից առաջ Հայաստանում կին համայնքապետեր չեն եղել՝ սխալ է։ Ավելին, այս պահին համայնքներ ղեկավարող 4 կանանցից երկուսը նույն համայնքները ղեկավարել են նաև Փաշինյանի՝ իշխանության գալուց առաջ։

Գարիկ Հարությունյան

Leave a comment