Մինչև 200,000 դրամ ստացողները կներառվեն ապահովագրության նոր համակարգում՝ սոցփաթեթից այլևս չեն օգտվի

Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգում ներառվել են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում՝ սոցիալական փաթեթի ծրագրից օգտվելու հնարավորություն ունեցող անձինք։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը։

«Հիմա քանի որ սոցփաթեթի հնարավորությունը նրանց համար վերանում է, այդ ամսական 6000 դրամները, կոպիտ ասած, նրանք չեն ստանալու, այդ ծախսը փոխանցվելու է պետությանը։ Այսինքն այն մոդելը, որը այս պահին շրջանառվում է, որ պիտի լինի գործատուի մասնակցություն, պետության մասնակցություն ցածր աշխատավարձ ստացողների մասով և աշխատող քաղաքացու մասնակցություն ու աշխատող քաղաքացու բեռը փոքր էր, որ նա կարողանար այդ բեռի տակից դուրս գալ գոնե նախնական շրջանում, ապա այդ բեռը կիսում էին գործատուն և պետությունը, իսկ տվյալ դեպքում, քանի որ մենք խոսում ենք պետական աշխատողների մասին, ապա նրանց բեռը ամբողջությամբ ընկնելու է պետության վրա»,– ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը:

Բաբայանը հայտնել է, որ մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող և ապահովագրական համակարգին միացող աշխատողների թիվը բավական մեծ է՝ մոտ 340-350 հազար։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը հիմնականում աճման միտում ունի:

«Նոր խմբերից են նաև պայմանագրային աշխատողները, որոնց մասով թվային ցուցանիշներ չեմ կարող ներկայացնել, որովհետև այդ թիվը էլի ունի լրացուցիչ ճշգրտման կարիք, և նաև երրորդ թիվը, որը մենք ակտուալական կանխատեսումներով կարող ենք միայն ստանալ ու մեր ստացած թվերը դեռևս բացահայտման ենթակա չեն, դա այն ցուցանիշն է, որ ընտանիքի մի անդամի քաղաքացիները կարող են ապահովագրել լրացուցիչ իրենց ցանկությամբ։ Չաշխատող ընտանիքի անդամի, որը սոցիալական խմբի չի պատկանում կամ 18-ից 65 տարիքային միջակայքում է ընկնում, և մեր օբյեկտիվ գնահատումներով մենք պատկերացնում ենք մոտավորապես այդ թիվը։

Ես կարող եմ հիմնադրամի տեսանկյունից նշել նաև, որ 10,800 դրամ գումարը, որը սահմանված է եղել անցյալ տարի, ցույց է տվել, որ գործունակ է, այդ թիվը ճիշտ է, այսինքն ռեֆորմի փուլում հաշվարկները օբյեկտիվ են եղել ու բարեբախտաբար անսպասելի ինչ-որ շոկային զարգացումներ չեն եղել կամ եղել են շատ փոքր։ Հիմնադրամի հատուցումների գործակիցը ընդամենը 93-95% է կազմում, ինչը խոսում է հիմնադրամի կենսունակության ու կայունության մասին, և հաշվի առնելով, որ այս տարի միացող խմբերը ամենախոցելի խմբերն էին, դա 65+ և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են, ու իրենց ծախսերն ամենամեծն էին լինելու հիմնադրամի տեսանկյունից, մենք այն գիտակցությունն ունենք, որ մյուս տարի միացող խմբերի ծախսային ծանրաբեռնվածությունն այդ աստիճանի բարձր չի լինելու։

Հետևաբար, սահմանված 10,800 դրամը պահպանվել է նույնը, բայց ժամանակի ընթացքում, եթե ծառայությունները ընդլայնվեն, օրենքը թույլ է տալիս գինը բարձրացնել։ Վերին շեմ կա առաջիկա մի քանի տարիների համար հաշվառված, գինը բարձրանալու է ըստ ծառայությունների ծածկույթի ընդլայնման»,– ընդգծել է նա։

2027 թվականից Հայաստանում կդադարեցվի պետաշխատողների սոցիալական փաթեթների տրամադրումը։ Կուտակված գումարների օգտագործման կարգի վերաբերյալ կառավարությունը հատուկ որոշում կընդունի։ Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Leave a comment