Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Շաքիում ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կողմից երեխաներին պաշտպանելիս հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Հարազատներն արդեն տեսակցել են Անիին, քույրը պատմում է, որ Անին գիտակցության է, նորմալ խոսում է։ Սպասվող հաջորդ վիրահատությունների մասին տեղեկություն հարազատները դեռ չունեն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 3-ին Անի Ավետիսյանին երկրորդ անգամ են վիրահատել։ Նրա հարազատները «Փաստինֆո»-ին պատմել են, որ բժիշկները պայքարում են ոտքը փրկելու համար։ Վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ կա, վնասված է նաև ծունկը։ Ձեռքի երեք մատներն ամպուտացված են։

Հիշեցնենք, որ ադրբեջանցու ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին է տեղեկացրել, որ զինծառայողը անհետացել է սեպտեմբերի 26-ից։ Ադրբեջանցին, ով ապօրինի ներխուժել էր ՀՀ, կիլոմետրեր անարգել շրջել ՀՀ ինքնիշխան տարածքում, մուտք գործել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։

Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել դեպքի հանգամանքների մասին, թե ինչպես են իրադարձությունները զարգացել, որ երեխաներին պաշտպանելիս մայրը նման ծանր վնասվածք է ստացել։ Դեպքի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն տուժողի հարազատների պատմածներից։

«Փաստինֆո»

Leave a comment