Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը համեմատաբար անհամեմատելի է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարը Հայաստանի նորագույն պատմության ամենալարված ժամանակաշրջաններից մեկն էր։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների սպանության մեջ մեղադրվեց, իսկ ընտանիքի մանկահասակ երեխաներից մեկը ծանր վիրավորվեց, այնուհետև մահացավ։ Պերմյակովին ռուսական կողմը հայտնաբերեց հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և պահեց իր վերահսկողության տակ։
Դրանից հետո հասարակական ընդվզումը արագ վերածվեց լայն քաղաքական ու իրավական պահանջի։
Գյումրիում քաղաքացիները երթերով շարժվեցին դեպի ռուսական ռազմաբազա՝ պահանջելով Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին։ Երևանում ևս բողոքի ակցիաներ անցկացվեցին։ Հունվարի 15-ին Գյումրիում ռուսական հյուպատոսարանի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, տուժեց առնվազն 15 մարդ, իսկ ավելի քան 20 ցուցարար ժամանակավորապես բերման ենթարկվեց։
Իսկ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ նույնպես հանդես եկան հայտարարություններով։ Օրինակ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» և այլ կազմակերպություններ միացել էին Պերմյակովի գործի առնչությամբ հրապարակված հայտարարությանը՝ պահանջելով պատշաճ քննություն և իրավական գործընթաց։
Այսինքն՝ այն ժամանակ հարցը միայն մեկ զինծառայողի կատարած հանցագործության մասին չէր ընկալվում։ Այն վերածվել էր Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, ռուսական ռազմաբազայի և հայ-ռուսական հարաբերությունների շուրջ մեծ հանրային բանավեճի։
Անցնենք 2026 թվականի հոկտեմբերի 1-ին։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, ապօրինի մուտք է գործել բնակելի տուն։ Տանը հայտնաբերվելուց հետո նա կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է տան բնակիչ կինը։ Նրա երեք երեխաները ևս հետագայում դիմել են բուժօգնության։ Զինծառայողը փախուստի է դիմել, ապա հայտնաբերվել և ձերբակալվել։
Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը։
Ո՞ւր է այն նույն քաղաքացիական վրդովմունքը, որը 2015 թվականին փողոց էր դուրս եկել։
Ո՞ւր են այն հայտարարությունները, որոնք Պերմյակովի գործով օրեր շարունակ հնչում էին։
Ո՞ւր են ռազմաբազայի փակման պահանջները։
Ո՞ւր են զանգվածային երթերը։
Ո՞ւր է հասարակական կազմակերպությունների նույն ակտիվությունը։
Ո՞ւր է պահանջը՝ ինչպե՞ս է օտարերկրյա զինծառայողը հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, հասել Սյունիքի բնակավայր և մտել քաղաքացու տուն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: