Մարսելում հոկտեմբերի 2-ին Միջազգային տոնավաճառի շրջանակում կանցկացվի Հայաստանի պաշտոնական օրը, հայտնում է Nouvelles d’Arménie-ն։
Միջոցառումը տեղի կունենա Parc Chanot ցուցահանդեսային համալիրում։ Այն կազմակերպում է Մարսելի Հայ երիտասարդության և մշակույթի տունը՝ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի իշխանությունների աջակցությամբ։
Ծրագրում նախատեսված են ելույթներ, հայկական ժողովրդական պարեր և երաժշտական կատարումներ։ Կգործի նաև հայկական հրատարակություններին նվիրված հարթակ, կանցկացվեն գրքերի ստորագրման հանդիպումներ։
Միջոցառմանը կմասնակցի Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։
Հայաստանի օրվա շրջանակում Կորին և Ռիշար Զարզավաջյանները կներկայացնեն իրենց նոր՝ La Cuisine des Arméniens. Recettes et histoires de la diaspora à travers le monde գիրքը, որը լույս է ընծայել ֆրանսիական Solar հրատարակչությունը։
Գիրքը նվիրված է հայկական սփյուռքի խոհանոցին և խոհարարական ավանդույթներին։ Այն ներառում է տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ից և Լիբանանից մինչև Արգենտինա ու Ճապոնիա բնակվող հայերի կողմից ներկայացված 70 բաղադրատոմս։ Գրքի առաջաբանը գրել է պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Պասկալ Օրին։