ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կրшկելուց հետո ադրբեջանցին ուզել է լիցքավորել ավտոմատը, քույրս հասցրել է հարվածել. նոր մանրամասներ

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով ոտքին կրակոց ստացած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, NEWS.am–ի հետ մանրամասներ է պատմել դեպքից։

«Քույրս Սիսիանում հյուրանոցի ռեստորանի տնօրենն է, երեխեքը Շաքի դպրոց են գնում, դասից հետո գալիս են Շաքիի տուն, ամուսինը նորից գնում, վերցնում, տանում է Սիսիան։

Երեխեքը գալիս են, տեսնում են, որ դարպասի կողպեքը կոտրված է։ Աղջիկը զանգում է, ասում է՝ մամ, կոտրված է կողպեքը, մարդ է մտել տունը։ Այդ պահին հեռախոսը չի անջատել, այդպես խոսալով մտել է, տեսել է խոհանոցը սաղ թափթփվում, էդտեղ հաց է սարքել կերել։ Մտել են զալ, տեսել են պառկած է ավտոմատը ձեռքին։ Հասել է երեխեքի վրա, երեխաները գոռացել են՝ ձեռք չտաս, չխփես։ Մայրը հեռախոսի միջից լսել է։ Քույրս դանակը վերցրած, ամուսնու հետ հասել են գյուղ։

Եկել, տեսել է, որ դարպասը փակ է, հարևանի կողմով մտել է պատի վրայից թռել, անցել է։ Ասում է՝ մտա ներս, երեխեքը գոռացին՝ մամ, առաջ մի արի, զինված ա։ Ասում է՝ ո՞նց կլինի, երեխեքը զինված մարդու հետ ներսն են։ Ասում է՝ էլ չեմ նայել, ո՞նց եմ առաջ գնացել։ Որ իրեն տեսել է խառնվել է, զենքը պահել է երեխու կողմ, որ կրակի, քույրս ձեռքը պահել է երեխու դիմաց, իր իր մատերին է խփել, հիմա երեք մատը չկա։ Ճկույթի կողքի երկու մատների ծայրերն են ամպուտացված և բութ մատը։

Հետո կրակել է ոտքին։ Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզեցել է նորից լիցքավորի, այդ պահին քույրս այդ վիրավոր վիճակով հասել է, դանակով խփել է մի քանի հարված, վզին, կրծքավանդակին, գլխին։ Այդ պահին, որ արնաքամ եղած, թուլացած ընկել է քույրս, նորից հարձակվել է վրան, նորից խփել է, թե զենքով է խփել, չգիտեմ։ Ասում է՝ արդեն էլ չեմ հիշում, ուշագնաց է եղել։

Այդ պահին 15 տարեկան տղան՝ Քաջիկը, որ տեսել է մայրն ուշագնաց է եղել, բռուցքով հարվածել է ադրբեջանցու գլխին, այդ հարվածից երեխայի մատներն է կոտրվել։ Ճկույթը գիշերը ժամը 3.30–ին վիրահատել են, իսկ մյուս մատների համար ասել են, որ իրենք իրենցով կվերականգնվեն։ Հիմա Սիսիանի հիվանդանոցում է, քույրս էլ այստեղ է։»,– պատմեց Արփի Ավետիսյանը։

Նա հավելեց, որ 12–ամյա աղջիկը՝ Ռոզին, վախեցած է. «Հոգեբանները խոսել են, հանգստացրել են, հիմա մեծ տղան ու քույրը իրար հետ են, մորաքույրս է իրենց մոտ, իսկ ամուսինն էլ տղայի մոտ է Սիսիանի հիվանդանոցում»։

Նա հավելեց, որ երկու օրից պարզ կլինի՝ քրոջը վիրահատելու են, թե ոչ, հիմա վերակենդանացման բաժանմունքում է. «Անոթ է վնասված եղել, բազմաբեկորային կոտրվածքներ ունի ծնկից վերև»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Leave a comment