Այսօր ՀՀ 3 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

Բաժանորդագրվել

Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում այսօր ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 8.00–ից սկսած Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սկսվել։

Ընտրություններն անցկացվում են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում այսօր ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։

Լոռու մարզի Թումանյան համայնքում ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը, որը 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր ոչ թե ՔՊ–ի, այլ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ղեկավարի 1 թեկնածու է առաջադրված՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը, իսկ ավագանու տեղերի համար առաջադրվել է 5 մարդ։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրում են ավագանու 5 անդամների. ինքնառաջադրվել է 5 անձ։

Կոտայքի մարզի Արզնիում ավագանու 9 մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։

Հիշեցնենք՝ այս տարի ՏԻՄ ընտրություններ են նախատեսված նաև Սյունիքի Գորիս համայնքում հոկտեմբերի 25-ին, Լոռիում՝ հոկտեմբերի 25–ին (Ստեփանավան) ու նոյեմբերի 29–ին (Սպիտակ), Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում` հոկտեմբերի 25-ին, Աբովյանում՝ դեկտեմբերի 13–ին։

Leave a comment