Վաղը՝ Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին, նախատեսված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցի վերաբերյալ նոր հանրային լսումներ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, նույն հարցով հանրային լսումներ էր անցկացրել նաև 2026 թվականի հուլիսի 28-ին։
Նախորդ լսումները տևել էին շուրջ 15 րոպե և անցկացվել էին ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչների բացակայությամբ և վերջիններիս ուղղակի իրազեկում իրականացված չլինելու պայմաններում:
Հատկանշական է նաև, որ նախորդ լսումներին ներկա չէին որևէ շահագրգիռ հասարակական կամ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ զանգվածային լրատվության միջոցներից մասնակցում էր միայն «Ազատություն» ռադիոկայանը:
Միաժամանակ պարզ չէ, թե ինչով է պայմանավորված նույն հարցով երկրորդ հանրային լսումների անցկացումը։
Կարելի է ենթադրել, որ այս անգամ ընկերության սեփականատերերի ներկայացուցիչներին ուղղակի իրազեկելու միջոցով փորձ է արվում գործընթացին հաղորդել օրինական շղարշ:
Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը դեֆակտո ազգայնացված է և հիմա այդ գործընթացի իրավական ձևակերպման գործընթացն է իրականանում, նման պայմաններում, ընկերության սեփականատերերի ներկայացուցիչների մասնակցությունը երկրորդ անգամ իրականացվող ձևական լսումների կարող է ընկալվել որպես գործընթացի լեգիտիմացմանը նպաստող քայլ։
Ինչ վերաբերում է ներկայիս ՀԷՑ-ի ապաշնորհ կառավարմանը, ապա դրա մասշտաբների մասին կարելի է ենթադրել այսօր` սեպտեմբերի 27-ին ընկերությունում օրեցօր վատթարացող ու բարձիթողի տեխնիկական վիճակի պատճառով մայրաքաղաքի առանցքային 110 կվ «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում տեղի ունեցած հրդեհից, որը վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ արդեն երկրորդ նման դեպքն է. 2025 թվականի դեկտեմբերին 110 կվ Վարդաշեն ենթակայանում բռնկված խոշոր հրդեհի և դրան հաջորդած մեծ վթարի պատճառով Երևանի մի քանի վարչական շրջանների բնակիչներ Ամանորի նախաշեմին օրեր շարունակ մնացել էին առանց էլեկտրամատակարարման: