Հայաստանի պետական սահմանի գոյությունը սահմանազատման ավարտից կախվա՞ծ է․ Սասուն Միքայելյանի հայտարարության հետքերով

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պնդեց, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված և հաստատված սահմաններ չունի՝ դա կապելով վերջնական սահմանազատման բացակայության հետ։

«Եթե դու հզոր ես, կարաս իրավիճակից խոսաս, բայց մենք ինչի՞ համար ենք մեր ծառայությունը տանում 2020 թվականից մինչև այսօր, որ մենք վերջնականապես գնանք սահմանազատման։ Օրինակ՝ չգիտեմ, Դուք կարո՞ղ է գիտեք պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է, միջազգայնորեն ճանաչված»,- ասաց Միքայելյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք փորձ չի արվում արժեզրկել Հայաստանի հաղթանակները։

Factor.am-ն ուսումնասիրել է՝ ինչով են տարբերվում «պետական սահման» և «սահմանազատում» հասկացությունները, արդյոք Հայաստանի պետական սահմանի գոյությունը կախված է սահմանազատման ավարտից, և ինչ են այս մասին ասում Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ստորագրած և այլ միջազգային փաստաթղթերը։

Հայկական ԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն

1990 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի առաջին կետը բառացի սահմանում է․ «Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան»։

Հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն առանձին օրենքով ևս ամրագրել է նույնը՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն։

Այսինքն՝ խոսքը նոր տարածքային միավոր ստեղծելու մասին չէր․ գոյություն ունեցող Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում էր Հայաստանի Հանրապետություն, իսկ 1991 թ․ հենց Հայաստանի Հանրապետությունն անկախացավ ԽՍՀՄ-ից։

Հայաստանի պետական սահմանի գոյությունը անկախության առաջին իսկ տարում ամրագրված էր նաև պաշտոնական իրավական ակտով։ 1991 թվականի դեկտեմբերի 19-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով սահմանվեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով սահմանային տարածքները։ Փաստաթուղթը բառացիորեն հիշատակում է ՀՀ պետական սահմանը Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի (նաև Նախիջևանի) հետ։ Հրամանագրի նպատակը նշված էր որպես «հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանության» ապահովում։

Հայկական ԽՍՀ-ն ունե՞ր սահմաններ

Հայկական ՍՍՀ-ի  (1989 թ. հունիսի 25-ին Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդը պաշտոնական անվանման մեջ վերականգնեց հայերեն «խորհրդային» բառը՝ «սովետական»-ի փոխարեն։ Այսպիսով՝Հայկական ՍՍՀ-ն դարձավ Հայկական ԽՍՀ-խմբ․) 1978 թվականի ապրիլի 14-ին ընդունված Սահմանադրության 70-րդ հոդվածն էլ սահմանում էր․

«Հայկական ՍՍՀ տերիտորիան չի կարող փոփոխվել առանց նրա համաձայնության։ Հայկական ՍՍՀ և ուրիշ միութենական հանրապետությունների միջև սահմանները կարող են փոփոխվել համապատասխան հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ՍՍՀ Միության հաստատմանը»։

Այս դրույթը ցույց է տալիս, որ Հայկական ԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմում ուներ սահմանված տարածք, իսկ մյուս միութենական հանրապետությունների՝ մասնավորապես Ադրբեջանական և Վրացական ԽՍՀ-ների հետ ուներ իրավականորեն գոյություն ունեցող միջհանրապետական սահմաններ։

Դրանք ԽՍՀՄ գոյության տարիներին միջազգային պետական սահմաններ չէին, քանի որ բաժանում էին նույն պետության՝ ԽՍՀՄ-ի կազմում գտնվող միութենական հանրապետությունները։ Սակայն դրանք իրավականորեն գոյություն ունեցող սահմաններ էին։

Թուրքիայի հետ սահմանը ԽՍՀՄ միջազգային պետական սահման էր

Այլ էր պատկերը ԽՍՀՄ կազմից դուրս գտնվող պետությունների դեպքում։

Թուրքիան ԽՍՀՄ մաս չէր, հետևաբար՝ Հայկական ԽՍՀ-ի արևմտյան հատվածում խոսքը արդեն ԽՍՀՄ-Թուրքիա միջազգային պետական սահմանի մասին էր։

Այդ սահմանի իրավական հիմքերից կարևորագույնը 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրն է։ Այն ստորագրվել է Թուրքիայի կառավարության և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի Խորհրդային Հանրապետությունների միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ։

Հետագայում թուրք-խորհրդային պետական սահմանը նաև տեղանքում ամրագրվել և վերադեմարկացվել է։

Թուրքիայի խորհրդարան ներկայացված 1974 թվականի պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Հանրապետության և ԽՍՀՄ-ի միջև պետական սահմանը որոշվել է 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ Նույն փաստաթուղթը նշում է նաև, որ 1969-1973 թվականներին թուրք-խորհրդային համատեղ հանձնաժողովն իրականացրել է սահմանի վերադեմարկացիայի աշխատանքներ։

1968 թվականի ՆԱՏՕ-ի պաշտոնական փաստաթղթերում ևս ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող պայմանագրերի շարքում հիշատակվում են 1967 թվականի փետրվարի 28-ի թուրք-խորհրդային սահմանի դեմարկացիայի արձանագրությունը, դրան կից տեխնիկական արձանագրությունը և վերադեմարկացիայի աշխատանքներին մասնակցող անձանց սահմանանցման կանոնները։

Սահմանի գոյության ևս մեկ հաստատում կա ՄԱԿ-ի պայմանագրերի ժողովածուում։ Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև 1973 թվականի ապրիլի 17-ին ստորագրված՝ Սև ծովում տարածքային ջրերի սահմանին վերաբերող արձանագրության առաջին հոդվածում նշվում է, որ ծովային սահմանը սկսվում է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի Հանրապետության միջև «ցամաքային պետական սահմանի վերջնակետից»։

Այսինքն՝ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին Թուրքիայի հետ ոչ միայն պետական սահման կար, այլև այդ սահմանը նկարագրված, քարտեզագրված և տեղանքում նշագրված էր։

ԽՍՀՄ-Իրան պետական սահմանը

Իրանի դեպքում ևս խոսքը ԽՍՀՄ միջազգային պետական սահմանի մասին է։

1954 թվականի դեկտեմբերի 2-ի ԽՍՀՄ-Իրան համաձայնագիրը կոչվում էր «Սահմանային և ֆինանսական հարցերի կարգավորման մասին համաձայնագիր»։ Դրանով կողմերը կարգավորում էին երկու պետությունների միջև պետական սահմանի գիծը։

1957 թվականի մայիսին Մոսկվայում կնքվել է նաև ԽՍՀ Միության կառավարության և Իրանի կայսերական կառավարության միջև խորհրդա-իրանական սահմանի ռեժիմի և սահմանային վեճերի ու միջադեպերի կարգավորման մասին պայմանագիրը։

Այդ պայմանագրում հիշատակվում են նույն թվականի ապրիլի 11-ին Թեհրանում ԽՍՀՄ-Իրան սահմանի դեմարկացիայի և վերադեմարկացիայի խառը խորհրդա-իրանական հանձնաժողովի ստորագրած դեմարկացիոն և վերադեմարկացիոն փաստաթղթերը։

Այսպիսով՝ Հայկական ՍՍՀ-ի հարավային հատվածում ևս գոյություն ուներ ԽՍՀՄ-ի միջազգային պետական սահմանը, որն ամրագրված էր երկկողմ պայմանագրերով և սահմանային փաստաթղթերով։

Ալմա-Աթայի հռչակագիրը խոսում է «գոյություն ունեցող սահմանների» մասին

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրով կողմերը հայտարարեցին, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և «գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը»։ Այս ձևակերպումը կարևոր է։

Հռչակագիրը չի ասում, որ նորանկախ պետությունների սահմանները պետք է ստեղծվեն ապագայում։ Այն օգտագործում է «գոյություն ունեցող սահմաններ» ձևակերպումը՝ այսինքն՝ խոսքը ստորագրման պահին արդեն գոյություն ունեցող սահմանների մասին է։

Ալմա-Աթայի հռչակագրի կողմերից են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը։

Այսպիսով՝ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում երկու պետություններն անկախությունից հետո փոխադարձաբար ստանձնել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը հարգելու պարտավորություն։

Ինչպես է կանոնագրվում Վրաստանի հետ սահմանը

Վրաստանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը չէր ստորագրել։

Սակայն 1993 թվականի մայիսի 19-ին Երևանում կնքված «Վրաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրի առաջին հոդվածով երկու պետությունները պարտավորվել են իրենց հարաբերություններում առաջնորդվել պետական ինքնիշխանության փոխադարձ հարգման, տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով։

2001 թվականին այն փոխարինվել է նոր՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրով, որի առաջին հոդվածով ևս ամրագրվել են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։

Ի՞նչ է ասում Հայաստանի օրենքը

Հայաստանում «պետական սահման» հասկացությունը սահմանված է օրենքով։

2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանվում է․ «Պետական սահմանը այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի՝ ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները։

Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»։

Այսպիսով՝ օրենքը «պետական սահման» հասկացությունը կապում է պետության տարածքի շրջանակների հետ։

Ի՞նչ է նշանակում սահմանազատում

ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թ. ՍԴՈ-1749 որոշմամբ սահմանազատումը դիտարկում է որպես միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման գործընթաց։

Նման հայտարարություններ արել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա 2024 թ. մայիսի 1-ին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում են Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանները։

«Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել խոսույթի վրա. ակնհայտ է, որ սա ուղղակի խոսակցություն չէ: Այստեղ ամեն բառն ունի իր նշանակությունը: Մենք ասում ենք, և դա արձանագրվել է, և, ըստ էության, Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությամբ նշանակում է՝ մենք ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ենք ստեղծում, այլ վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմաններն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

2025 թ․ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված սահման, որը պետք է արտահայտվի գետնի վրա։

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը սկսվել է 2022 թվականի մայիսի 24-ին՝ երկու երկրների հանձնաժողովների առաջին հանդիպմամբ։ 2024-ին կողմերը պայմանավորվել են գործընթացն իրականացնել՝ հիմք ընդունելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը և ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած իրավաբանորեն հիմնավորված Հայկական ԽՍՀ–Ադրբեջանական ԽՍՀ միջհանրապետական սահմանը։ Առաջին հատվածների համար օգտագործվել է նաև ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1976 թ. քարտեզը։ 2024-ին սահմանազատվել և սահմանագծվել է մոտ 12 կմ սահման։

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատումը ևս ավարտված չէ։ 2019 թ․ ՀՀ ԱԳՆ խոսնակի հրապարակած տվյալներով՝ հայ-վրացական սահմանի 225 կմ-ից համաձայնեցված է 147 կմ-ն, իսկ մնացած՝ մոտ 78 կմ հատվածների համաձայնեցման աշխատանքները դեռ շարունակվում են։

2026 թ․ ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օրակարգում է նաև սահմանի սահմանազատման «ամփոփման» հարցը։

Նույն տարվա օգոստոսին էլ Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը տարիներ շարունակ ընթանում է։

Այսպիսով, ՀՀ-ն ունի պետական սահմաններ։ Դրանց գոյությունը կախված չէ հարևան բոլոր պետությունների հետ սահմանազատման գործընթացի ավարտից։ Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների համապատասխան հատվածները դեռ ԽՍՀՄ տարիներին միջազգային պետական սահմաններ էին, իսկ Ադրբեջանի և Վրաստանի հետ նախկին միջհանրապետական սահմանները ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել են անկախ պետությունների միջև սահմանների իրավական հիմքը։

Հայաստանի օրենսդրությունը ևս հստակ սահմանում է ՀՀ պետական սահմանը, իսկ Սահմանադրական դատարանը սահմանազատումը դիտարկում է որպես միջպետական սահմանների աշխարհագրական ճշգրտման գործընթաց։ Հետևաբար, Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանազատման գործընթացների չավարտված լինելը չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը պետական սահմաններ չունի։

 

Մարիա Խաչատրյան

 

Leave a comment