Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին,
Հայաստանում Եվրոպական Միության առաքելությանը,
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին,
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության,
Ֆրանսիայի Հանրապետության,
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության,
Իտալիայի Հանրապետության,
Հունաստանի Հանրապետության,
Գերմանիայի Դաշնային Հանրապետության,
Լատվիայի Հանրապետության,
Լեհաստանի Հանրապետության,
Շվեյցարիայի Համադաշնության,
Բուլղարիայի Հանրապետության,
Բելառուսի Հանրապետության,
Չեխիայի Հանրապետության,
Կանադայի,
դեսպանություններին
Բողոքի ուղերձ
Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական հասարակությունը, խոր զարմանքով և ցավով արձանագրում է, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) Իլհամ Ալիևի վարչակազմի իրականացրած բացահայտ անօրինական և բարբարոսական քաղաքականությունը՝ բնիկ ժողովրդին բռնի տեղահանելու, էթնիկ զտմամբ ցեղասպանական գործողություն իրականացնելու, նրանց ունեցվածքը յուրացնելու, հայկական հազարամյա պատմական ժառանգությունը ոչնչացնելու, կեղծարարությամբ հայկական պատմամշակութային հուշարձաններն այլոց վերագրելու, արժանանում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և Ադրբեջանում գործող միջազգային այլ կառույցների ոչ միայն լռելյայն թողտվությանը, այլև փաստացի խրախուսմանը։
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և հանրային գործիչներս, վրդովմունքով նշում ենք, որ միջազգային դիվանագիտական կառույցների նման պահվածքը՝ այցելելու բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի տարբեր բնակավայրեր՝ Ալիևի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, և բնավ չհիշելու այդ տարածքի բնակիչների ճակատագրի, նրանց թողած հոգևոր և նյութական ժառանգության պահպանության, միջազգայնորեն ամրագրված տարրական իրավունքների պաշտպանության մասին, գործնականում հավանություն է տալիս Ադրբեջանի վարչակազմի այն գործողություններին, որոնք բացարձակ հակասության մեջ են մարդու իրավունքների, հակամարտությունները ուժով կամ ուժի սպառնալիքով չլուծելու սկզբունքներին։ Փաստացի նրանք կարծես մոռացել են իրենց դիվանագիտական կոչման և դավանած ժողովրդավարական արժեքների մասին՝ ակամա դառնալով այդ հանցագործությունների մեղսակիցը։
Հայ հասարակության համար հատկապես անհասկանալի և խորապես դատապարտելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների վարքագիծը, որոնք ավելի քան 3 տասնամյակ զբաղվել են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ անդամ մյուս պետությունների հետ համագործակցելով, նրանց մանդատով բազում անգամ այցելել են Արցախ, դիվանագիտական բանակցություններ վարել Արցախի Հանրապետության պետական և ռազմական ներկայացուցիչների, հոգևոր հայրերի հետ։ Դրանով նրանք ընդունել են օրինական ճանապարհով ձեռք բերված անկախության փաստը և պաշտպանել արցախցիների իրավունքները։ 2020 – 2023 թթ․ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և 2023 թ․ սեպտեմբերին լիակատար հայաթափման գործողություններից հետո դադարել են պաշտպանել նրանց իրավունքները։ Այնինչ Արցախի ինքնորոշման պայքարը ղեկավարած այրերը Բաքվի բանտերում պատանդ են պահվում և միջազգային տարբեր կառույցների կողմից ապօրինի ճանաչված դատավարությունների խոշտանգվող զոհերն են։
Ժողովրդավարական արժեքների գերակայության մասին պնդող պետությունների ներկայացուցիչները հարկ չեն համարում անգամ այցելել նրանց՝ հետևելու դատավարությունների և բանտարկյալների պահման պատշաճ պայմաններին, բայց ժամանակ և եռանդ են գտնում ադրբեջանական պաշտոնյաների հետ Արցախ գնալու և լսելու Գանձասարի, Դադիվանքի, Շուշիի, հայկական պատմության և մշակութային ժառանգության մասին ակնհայտ հակագիտական, ցինիկ պնդումներ, առանց անգամ մեկ բառ ասելու տեղաբնիկների ճակատագրի և մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանության մասին։
Հայտնելով մեր բողոքը և անհանգստությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ակնկալում ենք մեր այս բողոք-ուղերձի անաչառ քննարկում և դիվանագիտական անհրաժեշտ քայլերի ու արձագանքների կազմակերպում։
Մարդու իրավունքները և ժողովրդավարությունն անսակարկելի արժեքներ են, որոնք չեն կարող ստորադասվել տնտեսական, վառելիքաէներգետիկ, ռազմաքաղաքական ուժի և այլ շահերին։
- Նարինե Դիլբարյան – «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման Համակարգող խորհուրդ։
- Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, > Հ/Կ գործադիր տնօրեն։
- Մետաքսե Հակոբյան – Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր։
- Խաչիկ Մանուկյան – Բանաստեղծ, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր։
- Արցախի Ավագների խորհուրդ։
- Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» կայքի գլխավոր խմբագիր։
- Արմինե Օհանյան – «Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր։
- Անժելա Թովմասյան – «Հայելի ակումբի» կայքի գլխավոր խմբագիր։
- Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր։
- Փիրուզա Մելիքսեթյան – «Irates.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր։
- Արզիկ Մխիթարյան – Հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ։
- Լավրենտ Ղալայան-Նկարիչ-քանդակագործ, ԱրՊՀ պրոֆեսոր, ԱՀ ժողովրդական նկարիչ։
- Ստեփան Հասան-Ջալալյան – քաղաքագետ, «Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ հիմնադիր-նախագահ։
- Թաթուլ Մանասերյան – Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
- Ձյունիկ Աղաջանյան – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- Ժասմեն Ղևոնդյան – «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միություն» ՀԿ։
- Միհրան Շահզադեյան – Քաղաքագետների հայկական ասոցիացիա։
- Հովիկ Ավանեսով – Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն։
- Հասմիկ Միքայելյան – «Արցախի Մայրություն» ՀԿ։
- Յուրի Քարամյան – «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ։
- Արմինե Պետրոսյան «Հայկի Սերունդ» կրթական, հայապահպան ՀԿ նախագահ։
- Սարասար Սարյան – «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ։
- Անահիտ Հակոբյան – ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար։
- Սիլվա Մարգարյան – «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետաքննական , իրավապաշտպան կենտրոն (ՏՎՀԻ) ՀԿ Նախագահ։
- Ալեքսանդր Սահակյան – «Արցախի Արծիվներ-Կոմանդոս» ՌՀՄՊՈՒՄ ՀԿ։
- Էլմիրա Հայրապետյան – Արցախի հանրապետության վաստակավոր մանկավարժ։
- Աստղիկ Ավետիսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։
- Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան, մանկավարժության դոցենտ։
- Դիվանագետների համահայկական խորհուրդ։
- Նաիրա Զոհրաբյան – «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ։
- Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ։
Ուղերձը բաց է ստորագրման համար։
25.09.2026թ․ սույն բողոքի ուղերձը կուղարկվի նշված կառույցներին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: