«Պետք է խուսափել կլիշեներից, որ Հայաստանը դեմքով շարժվում է դեպի Արեւմուտք։ Ես կասեի՝ Հայաստանը, մշակելով իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, բազմազանեցնում է իր կախվածությունները»,- «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ ասաց Բելգիայի արտաքին գործերի նախարարության նախկին պաշտոնյա, դեսպան Ռաուլ Դելկորդը։
«Եկեք անկեղծ լինենք՝ Եվրամիությունը Հայաստանին չի առաջարկելու անվտանգության երաշխիքներ, որոնք ՆԱՏՕ-ն է իր անդամներին տրամադրում։ Եվրամիությունը կարող է խթանել դիմակայունությանը, բայց ինքնին անվտանգության երաշխավոր չի կարող լինել, սա պետք է լավ հասկանալ»,- հավելեց նա։
Ռաուլ Դելկորդը նշեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի դիմակայունության բարձրացմանը։ «Փոխարենը Հայաստանն էլ ԵՄ-ին նույնքան արժեքավոր մի բան է առաջարկում՝ Հայաստանը փորձադաշտ է, թե արդյոք եվրոպական աշխարհաքաղաքական ազդեցությունը կարո՞ղ է իրականացվել՝ առանց այն վերածելու սովորական ազդեցության գոտու քաղաքականության։ Եթե այս փորձը հաջողի, դա եվրոպական դիվանագիտության նոր փուլ կլինի։ Սա ամենահետաքրքիր զարգացումն է՝ Եվրոպայի ազդեցությունը կարող է լինել ոչ թե փոքր պետություններին թելադրելով, թե որ կողմ գնան, այլ նրանց ընտրության հնարավորություն տալով հասնել այդ ամենին»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հնարավորությանը՝ Ռաուլ Դելկորդը նշեց, որ Հայաստանը նախ եւ առաջ պետք է վերափոխվի։ «Ընդլայնմանը պետք է նայել որպես ներքին բարեփոխումների խթան, նախքան անդամակցության մասին մտածելը։ Երբ դուք ունենաք կուռ, կայուն, անշրջելի, անդառնալի ժողովրդավարական համակարգ, ապա պատրաստ ենք համոզելու Եվրամիության այն երկրներին, որոնք միշտ չէ, որ բաց են Հայաստանի անդամակցության համար»,- ասաց նա։
Եվրոպացի դեսպանի խոսքով՝ որոշ երկրներ տարիներով սպասում են ԵՄ անդամության հայտի արդյունքներին։ «Ընդլայնումն աստիճանաբար պետք է լինի, միանգամից 5-10 նոր երկրների առաջ դուռը բացելն այլեւս չի լինելու։ Երկիր առ երկիր է լինելու եւ աստիճանական։ Օրինակ՝ Ուկրաինայի դեպքում, Ուկրաինան կարող է օգտվել ընդլայնման քաղաքականության որոշ ասպեկտներից, բայց ոչ բոլորից։ Չեմ ուզում հիասթափեցնել լսարանին, եկեք հստակ ասենք՝ ընդլայնումը ոչ միայն թեկնածուի վերափոխմանն է վերաբերում, դա վերաբերում է նաեւ ԵՄ վերափոխմանը։ Երբ 27-ից 30 կամ 35 դառնանք, կառուցվածքային վերափոխման կենթարկվենք հենց ինքներս։ Մեզ էլ է դրա համար ժամանակ պետք։ Բայց ես հուսով եմ, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս կդառնա»,- ասաց Դելկորդը։
Հարցին, թե Եվրոպայում ծայրահեղ աջ ուժերի գլուխ բարձրացնելը խնդի՞ր է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների համար, դեսպանը պատասխանեց․ «Ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների հաղթանակները Եվրամիության ներքին խնդիրները բարդացնում են։ Ես հիշատակեցի, որ բաժանարար գծեր կան մեր մեջ։ Որո՞նք են այն ազդակները, որոնք մենք ուղղում ենք Հայաստանին եւ այլ երկրներին՝ մենք ինքներս դեռ տնային աշխատանք ունենք անելու՝ մեր հանրային կարծիքին պետք է բացատրենք, որ Եվրամիության սահմանները բացելը Հայաստանի պես երկրի առջեւ իրականում շահեկան է ԵՄ համար։ Ես հավատում եմ, որ երբ երիտասարդությունն իշխանության գա ԵՄ-ում, մենք ավելի կայուն մոտեցում կորդեգրենք, ավելի ինքնավստահ կվերաբերվենք ԵՄ-ին եւ ավելի պատրաստ կլինենք նոր թեկնածուների հարցերով»։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսվարողներին դեպի ԵՄ շուկա արտահանումների համար արտոնությունների տրամադրմանը՝ Ռաուլ Դելկորդն ասաց․ «Սա արձագանք է Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների։ Ես ուրախ եմ, որ ԵՄ-ն համաձայնել է մոտ 80 տոկոսով ազատականացնել Հայաստանի արտահանումները դեպի ԵՄ։ Սա կարագացնի Հայաստանի տնտեսական բազմազանեցնումը։ Սա հենց ամենակարեւոր արդյունքներից մեկն է։ Եվրամիությունն օգտագործում է շուկայի մատչելիությունը որպես արտաքին քաղաքականության գործիք։ Ես ասում էի՝ Հայաստանը փորձադաշտ է, այս հարցում նույնպես այդպես է։ Եթե Ռուսաստանը տնտեսական կախվածությունն օգտագործում է որպես քաղաքական լծակ, Եվրոպան կարող է այլընտրանք առաջարկել։ Ուստի, այդ առեւտրային քաղաքականությունն իրականում դառնում է դիվանագիտություն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: