Հայաստանից ԵՄ արտահանումն ավելացել է 70 տոկոսով, ԵԱՏՄ-ինը՝ նվազել․ Գևորգ Պապոյանն է պնդում

«Հայկական ծագման արտադրանքի արտահանումն Արաբական Միացյալ Էմիրություններ այս տարի արդեն գերազանցում է 45%-ը․ մոտ 45-46% է, ուրեմն, աճը նախորդ տարվա համեմատ կազմել։ Հնդկաստան արտահանումը 2.1 անգամ է ավելացել, մոտ 70%-ի շրջակայքում Եվրոպական Միության արտահանումն է ավելացել, այլ ուղղություններով ևս ունենք էական աճեր։ Եվ, բնականաբար, նաև սահմանափակումների շրջանակում միակ ուղղությունը, որտեղ անկում ունենք՝ հայկական ծագման արտադրանքի էական անկում, դա Եվրասիական Միության շուկան է»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ մնացած մասով դիվերսիֆիկացիան բավականին ակտիվ ընթանում է, և այդ նպատակով օգոստոսի համար որպես փոխհատուցում-աջակցություն այս ծրագրով կառավարությունն առաջարկում է արտահանողներին փոխհատուցել 4 միլիարդ 590 միլիոն դրամ:

Նա ներկայացնում էր արտադրողներին կառավարության կողմից օժանդակություն տրամադրելու հերթական նախագիծը․ «Դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ենք ցույց տալիս, մասնավորապես, երբ ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ են արտահանում՝ թարմ պտուղ, սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառումներ ենք իրականացնում: Այս միջոցառման արդյունքում, ըստ էության, կարող ենք ասել, որ շատ մեծ տարբերություն մենք չունենք նախորդ տարվա հետ համեմատ: Եթե նախորդ տարի շուրջ 990 միլիոն դոլարի ապրանք էինք արտահանել մինչև օգոստոսը ներառյալ, այս տարի՝ 943 միլիոն դոլար, տարբերությունը մոտ 5% է․ սա ես համարում եմ ոչ վատ ցուցանիշ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի սահմանափակումներ կան հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման վրա»։

Արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմանը՝ Գևորգ Պապոյանն ասաց, որ, օրինակ, անցած տարի արտահանել ենք 40 000 տոննայից ավելի ծիրան, այս տարի արտահանել ենք 12-13 000 տոննա, բայց խնդիրն այն է, որ չի եղել ծիրան․ «Ինչքան եղել է, այդքան արտահանել ենք, և եթե լիներ, օրինակ, 30 000 տոննա ծիրան, իմ կարծիքով, 30-ն էլ կարտահանվեր ամենայն հավանականությամբ: Այսինքն՝ այստեղ եղանակային պայմանները, կլիմայական պայմանները ևս ազդեցություն են ունեցել: Կան ուղղություններ, որտեղ աճ ունենք․ ասենք՝ պտուղ-բանջարեղենի պահածոյի արտահանումն աճել է 18%-ով, չոր մրգերի ու չոր բանջարեղենի արտահանումն աճել է 64%-ով, հայկական բրենդիի արտահանումը՝ 10%-ով, ու կենդանի կենդանիների արտահանումը 21%-ով կա: Կան ուղղություններ, որտեղ նվազում կա․ օրինակ՝ ծաղիկների դեպքում ունենք նվազում, բայց ես նաև, եթե թույլ կտաք, ներկայացնեմ, թե այս թիվը, որը 4.6 միլիարդ դրամ է մոտավորապես, հիմնականում ինչ ենք արտահանել դրա դիմաց: Խոշոր ուղղությունները․ դա լոլիկն է՝ մոտ 3000 տոննա, ավելի քան 2200 տոննա պղպեղ ենք արտահանել, 3.9 միլիոն հատ ծաղիկ ենք արտահանել, դեղձը՝ ավելի քան 2200 տոննա, շշալցված գինին՝ 292 000 լիտր, շշալցված պտուղ-հատապտղային գինին՝ 336 000 լիտր, հայկական բրենդին՝ 837 000 լիտր (բայց 100% սպիրտի հաշվարկով) և այսպես շարունակ: Այսինքն՝ այս արտահանումները մեր ծրագրերի շնորհիվ է նաև, որ տեղի են ունենում, և մեր ծրագրի շնորհիվ է, որ, օրինակ, նոր շուկաներում, այդ թվում՝ եվրոպական շուկայում, Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական ապրանքները սկսում են դիրքավորվել։ Դա հեշտ չէ, մենք ինչ-որ ժամանակ պետք է նաև աջակցենք, որ իրենք կարողանան այնտեղ ճանաչելիություն ձեռք բերել, վստահելիություն ձեռք բերել և այլն»:

Մհեր Գրիգորյանը մտահոգություն ուներ․ «Հանրային քննարկումը հիմնականում վերաբերում է տոննաժին, բայց ես կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք այդ շերտերը բացենք ըստ տեսակների, ըստ վաճառքի գների․ այդ ամեն ինչը հասկանանք, որովհետև չի բացառվում, որ հիմա մարդիկ, ունենալով պաշարներ, արտահանում են ցանկացած գնով: Հասկանալի քաղաքականություն է, բայց հեռանկարային չէ այդ գինը․ հեռանկարային չէ, իսկ մենք պիտի այսօրվանից սկսենք մտածել, որպեսզի բիզնեսին օժանդակենք ինստիտուցիոնալ, ոչ թե պահին: Իսկ դրա համար մենք պիտի իջնենք ապրանքի տեսակ, քաշ, վաճառքի գին, ինքնարժեք սխեմային, որպեսզի մեր աջակցության ծրագրերը լինեն ավելի թիրախային:

Խոսքը խնայողությունների մասին չէ, խոսքը ճիշտ թիրախներ կառուցելու մասին է, որպեսզի ոչ թե մեխանիկական սուբսիդիայի հաշվին ոչ մրցունակ արտադրանք արտադրվի և արտահանվի, այլ որպեսզի մենք ունենանք այնպիսի արտադրանք, որ ոչ մեկը սահմանափակում չդնի, որովհետև սահմանափակում դնելու պարագայում այդ ապրանքի պակասուրդը տվյալ շուկայում առաջացնի հանրային դժգոհություն: Այ սրան պիտի հասնենք: Հակառակ դեպքում այս պրոցեսը լինելու է, ոնց որ, ի դեպ, ծիրանի հետ կար, այ այդպիսի սիմպտոմատիկա, կարող եմ վստահ ասել ձեզ, որովհետև ծիրանի սահմանափակումը հեշտ հարց չէ այն շուկաների համար, որոնք սահմանափակում են․ մարդիկ դժգոհում են»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ի դեպ, Գևորգ Պապոյանը պնդում է՝ մթերումը խթանելու ուղղությամբ էլ են քայլեր անում և հավաստիացնում, որ խաղողի մթերման սեզոնին խնդիրներ չեն առաջանա, թեև խաղողի բերքի մեծ ծավալ կա․ «81 տոննա թուզ է մթերվել, և 5200 տոննա դեղձ է մթերվել: Այս տարի դեղձի բերքը շատ-շատ է, և ես ևս երկու անգամ այց եմ ունեցել, և այսպես բավականին մեծ ծավալով, տասնյակ մեքենաներով հերթեր են կանգնած, դեղձը մթերվում է: Լավն էն է, որ բոլոր կազմակերպությունները նշում են, որ իրենց համար սա լավ հնարավորություն է այն իմաստով, որ ոչ միայն լուծում ենք դեղձ արտադրողների խնդիրը, այլ նաև լուծում ենք մեր ագրոարդյունաբերության մեջ ներգրավված կազմակերպությունների մրցունակության խնդիրը, որովհետև իրենք շատ են գնում նաև այն պատճառով, որ փոխհատուցման հաշվին իրենց համար լավ արդյունք է ստացվում, և իրենք հույս ունեն ավելի մրցունակ գներ կարողանալ առաջարկել և՛ Հայաստանի շուկային, և՛ միջազգային շուկաներում»:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment