«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։ Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց էկոնոմիկայի նախարարության նախագիծը։
Նախագծով առաջարկվում է փոփոխել կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի որոշումը, որով ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի և նյութերի համար արդեն տրամադրվել էր մաքսատուրքից ազատման արտոնություն։
Լրացուցիչ ներմուծումներից հետո ծրագրի շրջանակում ապրանքների ընդհանուր արժեքը կհասնի 4,3 մլրդ դրամի, իսկ դրանց համար տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270,7 մլն դրամ։
Նշենք, որ Աշոտ Արսենյանն առաջիններից էր, որ 2018 թվականին լքեց ՀՀԿ-ի շարքերը։ Իշխանափոխությունից հետո նրա որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար, իսկ հիմա Վահագն Արսենյանը զբաղեցնում է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը: