Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին՝ մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել դրանք, այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Известия»-ի լրագրողի այն հարցին, թե ինչպիսին են լինելու մոտակա ժամանակներս հայ-ռուսական հարաբերությունները։
«Մենք ասել ենք, որ ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին կապերը համաձայն մեր արտաքին քաղաքականության, որը մենք անվանում են բալանսավորման քաղաքականություն»,- նշել է Փաշինյանը։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին Փաշինյանը նշել է, որ պետք է ֆիքսել, որ Մոսկվայի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։
«Մենք պետք է ֆիքսենք, որ օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը մեր հարաբերությունները կենտրոնացած էին բացառապես, մոտ, 90%-ով անվտանգության հարցերի վրա։ Հիմա, խաղաղ պայմաններում օբյեկտիվորեն տեղի է ունենում հարաբերությունների տրանսֆորմացիա»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ ղեկավարն ընդգծել է, որ երկիրը պահպանում է կառուցողական մոտեցում ու նպատակ ունի և՛ փոխակերպել, և՛ խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Եվ մենք ցանկանում ենք խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները։ Ահա այսպիսին են այս հարցի վերաբերյալ մեր ընկալումները»,- եզրափակել է Փաշինյանը։