ՔՊ-ն դեմարշով Արցախի հարցը չի կարող ջնջել․ 37 թիվը չէ, որ փակենք մարդկանց բերանները. Գալստյան

«Արցախի Հանրապետությունը, փաստորեն, իրենց քաղաքական կուրսին հակոտնյա է։ Որտե՞ղ կար քաղաքական հայտարարություն։ Երբ ներկայացրի Արցախի ԱԺ այս կամ այն կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչներին, չեմ մեղանչել իրականության դեմ։ Այդ մարդիկ ներկայացնում են Արցախի Ազգային ժողովը։ Եղել են վերջին գումարման պատգամավորներ, որոնք բռնի տեղահանման են ենթարկվել Ադրբեջանի ցեղասպանության արդյունքում»,- այսօր ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական և սոցիալական մի շարք այլ կարգավորումների իրավական հիմքերը, խնդիրները և լուծումները» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից քննարկումը բոյկոտելուն:

Անդրադառնալով քննարկումը բոյկոտած ՔՊ-ականների պնդումներին, թե «պետության մեջ պետություն են ստեղծում», Գալստյանն ասաց. «Պետք է հասկանան, որ Արցախի Հանրապետությունը հնարավոր չէ ջնջել մեր հիշողությունից, պատմությունից, պահանջատիրությունից։ Արցախի Հանրապետությունը մեր 3000-ամյա բնօրրանն է. ինչ-որ մի է՞ջ էր, թերթեցինք ու էլ չկա՞…այսօր էլ արձանագրեցինք, որ Արցախի հարցը այս իշխանությունների համար ցեղասպանությամբ փակված է»։

Վերջում Գալստյանը հավելեց, որ 37 թիվը չէ, որ փակենք մարդկանց բերանները, որ չխոսեն, ըստ նրա, ՔՊ-ականներն էլ դեմարշով Արցախի հարցը չեն կարող ջնջել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment