«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
–Պարոն Ավանեսով, Հայաստանի անկախության օրը Բաքվի վարչակազմը հերթական շոուն բեմադրեց Արցախի Գանձասար եկեղեցում՝ իրականացնելով այսպես կոչված «կրոնական ծես» այսպես կոչված «ալբանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչների» մասնակցությամբ։ Այսինքն՝ Ադրբեջանը բացահայտ բռնայուրացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Ի՞նչ է տեղի ունենում։
-Նախ՝ Գանձասարի առումով այդ բեմականացված սցենարները նոր չեն։ Բավականին վաղուց իրենք նման գործողություններ իրականացնում էին։ Դեռևս 2020-ական թվականի պատերազմից հետո բռնազավթված տարածքներում՝ հատկապես Դադիվանքում, Հադրութում, Ծիծեռնավանքում իրականացրեցին նմանօրինակ այսպես կոչված «արարողակարգեր»։
Եվ պետք է մի շատ կարևոր հանգամանք նշենք, որ որոշակի դեպքերում, երբ նմանատիպ շոուներ էին կազմակերպում, դրանից հետո, երբ որ դիտարկում էինք տվյալ հուշարձանների, եկեղեցիների տարածքները, մենք վանդալիզմի դեպքեր էինք տեսնում՝ Ծիծեռնավանքի պարագայում՝ եզակի շուրֆի ոչնչացում, Հադրութի որոշ եկեղեցիների պարագայում մենք տեսանք, որ մոմակալների վրայի խաչերն են ջարդված։ Եվ նմանատիպ փաստերը բավականին շատ են։ Սա խոսում է այն մասին, որ իրենք յուրացման համար են այդ շոուներն իրականացնում։ Ոչ մի պահպանման նպատակ իրականում չունեն և չեն էլ ունեցել։
Դրա վառ ապացույցը նաև այն է, որ վերջին շրջանում տեսանք՝ Կատարո վանքի պատերին են ամբողջությամբ տարբեր գրություններ գրված։ Հադրութի մի քանի այլ եկեղեցիներում դարձյալ այդպիսի գրություններ տեսանք։ Սրանք այն եկեղեցիներն են, որոնք Ադրբեջանը «աղվանական» է ներկայացնում, չնայած նրան, որ իրականության հետ որևէ աղերս չունի դա, կեղծ ու հակագիտական թեզ է։ Դրանով փորձում են հայկական հետքը ու ժառանգությունը յուրացնել։
Մեկ այլ հանգամանք էլ կա․ բոլոր այն հուշարձանները, որոնք Ադրբեջանը որպես «աղվանական» կամ ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում, դրանք զերծ չեն մնում վանդալիզմի ենթարկվելուց ու ոչնչացումից։ Ջուղայի խաչքարերը որպես «աղվանական» էին ներկայացնում, հիմա հողին են հավասարեցված։ Նույն ճակատագրին արժանացավ Հադրութի Մոխրենես գյուղում 19-րդ դարում կառուցված եկեղեցին, որը որպես «աղվանական» էին ներկայացնում, որոշ դեպքերում այլ կեղծ վերագրում էին տալիս, բայց հիմա ոչնչացրեցին։ Տանձատափի 19-րդ դարի եկեղեցին ոչնչացրեցին։
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը մերթ ներկայացնում էին որպես «աղվանական», մերթ՝ որպես ռուս ուղղափառ եկեղեցի, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին երկու անգամ գերճշգրիտ զինատեսակով թիրախավորեցին, այնուհետև կեղծ վերականգնողական աշխատանքների անվան տակ ամբողջ հայկական հետքը վերացրեցին։
Ադրբեջանն իրականում որևէ քաղաքակրթության հետ աղերս չունի՝ ոչ քրիստոնեական, ոչ առավել ևս իսլամական։ Տեսեք, հիմա ամբողջ բռնազավթված Արցախի տարածքում բավականին մեծ թափ է ստացել մզկիթների կառուցումը, անգամ այն բնակավայրերում, որտեղ երբևէ մզկիթ չի եղել։ Բայց դրան զուգահեռ, Այգեկ գյուղում մզկիթ են ոչնչացնում ճանապարհաշինարարական աշխատանքների պատրվակի տակ։ 2020 թվականի պատերազմի ընթացքում Շուշիի մզկիթն էլ են թիրախավորել երկու անգամ։ Շուշիի մզկիթում կեղծ իբր «վերականգնողական» աշխատանք են իրականացնում, բայց իրականում դրա կարիքը չկա, քանի որ ժամանակին դա վերականգնվել էր մասնավոր դրամաշնորհով, որին ներգրավված են եղել իրենց իսկ փորձագետները։ Այսինքն՝ ամբողջ տարածաշրջանի մշակութային ժառանգությունն Ադրբեջանը յուրացնում է՝ փորձելով իրեն վերագրել այդ ամենը։ Բայց այդ վերագրված հուշարձանները ոչնչացումից, պղծումից և այլնից զերծ չեն մնում։
Երբ տարբեր երկրներից դեսպաններ են ապօրինի հրավիրում Արցախ կամ նմանատիպ «ուդիներին» են քարոզչական նպատակներով օգտագործում, նման շոուներից անմիջապես հետո՝ 1-2 ամիս հետո, երբ որ մոնիտորինգ ենք իրականացնում, նորանոր տարբեր վանդալիզմի դեպքեր ենք հայտնաբերում։ Այսինքն՝ սա նշանակում է, որ նման ցանկացած շոուներից հետո Արցախում էլ ավելի մեծ թափ են ստանում վանդալիզմի դեպքերը։ Ու սա վկայում է այն մասին, որ մենք իրականում գործ ունենք համակարգված մշակութային ցեղասպանության հետ, ընդ որում, ծավալները վկայում են, որ եթե դիտարկենք տարածքային առումով, սա խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկն է հանդիսանում։ Որովհետև նաև հուշարձաններին զուգահեռ ամբողջական գյուղեր են ոչնչացնում։
-Հիմա ադրբեջանցիներն արդեն խոսում են Հայաստանի տարածքի հուշարձանների մասին։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, թե «Ադրբեջանը պատրաստ է ապագայում նախաձեռնություններ առաջ քաշել Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային և կրոնական հուշարձանների ու մզկիթների վերականգնման ուղղությամբ»։ Իսկ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հայտարարել է աշխատանքային խմբի ձևավորման մասին, որն ուսումնասիրելու է Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց Ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը։ Ի՞նչ նպատակ են հետապնդում։
– Քարոզչական առումով Հայաստանի տարածքում գտնվող հուշարձաններին կեղծ վերագրումներ անելը բավականին տևական ժամանակ է՝ իրականացնում են։ «Աղվանականացման» քաղաքականությունն Ադրբեջանը իրականացնում էր դեռևս 1950-60-ական թվականներից։ Բայց մինչ 2000-ականների սկիզբը դրա աշխարհագրությունը սահմանափակվում էր հիմնականում Արցախի, Ուտիքի, Նախիջևանի տարածքով։ Բայց արդեն 2000-ականներից, իսկ առավել ևս՝ վերջին ժամանակաշրջանում դրա աշխարհագրությունը ընդլայնվել է, ընդ որում, ընդհուպ մինչև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վրաստանի տարածքում գտնվող հայկական որոշ եկեղեցիներ։ Ոչ միայն Արցախի օկուպացված տարածքներում են այդ կեղծ շոուները կազմակերպում, ուդիներին ներգրավելով քարոզչական նպատակներով, մի քանի անգամ նմանատիպ քայլեր ձեռնարկվել են նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում՝ կարծեմ մինչև 2020 թվականի պատերազմը։
Քարոզչականից զատ սա բացահայտ զավթողական քաղաքականություն է, քանի որ իրենք ոչ միայն կեղծում են տվյալ հուշարձանի պատմությունը, իսկությունը, այլ կեղծում են նաև տվյալ հուշարձանների գտնվելու վայրերը, բնակավայրերը, քաղաքները՝ դա վերագրելով իբր իրենց։ Սա ակնհայտ նշանակում է, որ իրենք ծավալապաշտական հավակնություններ ունեն ամբողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ ինչպես Արցախի բոլոր բնակավայրերին կեղծ ադրբեջանական կամ կեղծ այլ վերանվանումներ էին հորինել, և ադրբեջանական քարտեզներում, գրքերում դրանք կան, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի մարզերի, մարզկենտրոնների, գյուղերի զգալի մասերին կեղծ այդ վերագրումները տրված են։ Բավականին երկարատև քաղաքականություն է սա, ուղղակի տարբեր ժամանակահատվածներում ակտիվացման տարբեր աստիճաններ է ունեցել։
-Ինչպե՞ս պետք է դիմակայել այս վտանգին, Հայաստանի իշխանությունները, օրինակ, Գանձասարի դեպքում ասացին, որ Մատենադարան այցի միջոցով տվեցին պատասխան։ Դա բավարա՞ր է այս վտանգները չեզոքացնելու համար:
-Ոչ թե պետք է սպասես՝ տեղի ունենա նման դեպք, որ հետո դրան հակադարձես, լինես պատասխանողի դերում, այլ ինքդ պետք է լինես նախահարձակ։ Բոլոր ձեռագրերի բնօրինակները, այն, ինչ գրչագրվել է Արցախում, դրանք Մատենադարանում պահվում են, և, այո, որոշ նմուշներ ցույց տրվեցին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Նկատի ունեմ՝ կարող են ցանկացած պատվիրակությունների այցերի շրջանակներում այդ հանգամանքն օգտագործել, այլ ձևաչափերով անընդհատ տարբեր նախաձեռնություններ, նախահարձակ գործողություններ իրականացնել, ոչ թե սպասենք, թե հերթական ադրբեջանցին ինչ կգրի, դրա դեմ ինչ-որ բան մենք գրենք։
Այդ բոլոր հուշարձաններն ունեն պատմություն, դրանցով զբաղվող մասնագետներ կան։ Ուղղակի պետք է այդ ամենը շրջանառել, տարածել, տարբեր նախաձեռնություններին աջակից լինել։ Բարեբախտաբար, մենք այս ոլորտով զբաղվող մասնագետների խնդիր չունենք, և այդ մասնագետներն իրենց ներդրումը, այդ հուշարձանների հետ կապված պրոդուկտ ստեղծելու աշխատանքն արել են, և դրված է սեղանին։ Ուղղակի պետք է համապատասխան վայրեր հասցվեն այդ պրոդուկտը, փաստագրական նյութերը՝ ցույց տալու, որ սա է տվյալ հուշարձանի վերաբերյալ իրականությունը։
Երբ միջազգային կազմակերպություններում և ընդհանրապես տարբեր այլ հարթակներում սեղանին դնում ես մի քանի այլ պրոդուկտ ևս, պաշտոնյա կլինի, հետազոտող կլինի, ինքն արդեն իր ձեռքի տակ ունենում է նաև մեկ այլ աղբյուր։ Ու արդեն իր մոտ սկսվում է քննադատողական մտածելակերպ ձևավորվել, սկսում է ավելի խորանալ ու արդեն հասկանալ իրողությունը, որ գործ ունենք իրական հայկական հուշարձանների հետ, այլ ոչ թե ադրբեջանական, ինչպես Ադրբեջանն է ներկայացնում։ Դարձյալ նման բաներ արվում են տարբեր նախաձեռնությունների կողմից, տարբեր գիտահետազոտական խմբերի կողմից, բայց սա պետք է դիվանագիտական գործիք դառնա՝ նաև բարձրաձայնելու քո սեփական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին։
Պետք է միջազգային հանրությանը ներկայացնել, որ ադրբեջանցիները ոչ միայն մեր հուշարձաններն են յուրացնում, այլ դա քաղաքակրթական արժեք է, համամարդկային արժեք ունի այդ հուշարձանը, այսինքն՝ դա հարվածում է նաև ընդհանուր քաղաքակրթությանը։ Եվ այստեղ անելիքներ ունի նաեւ միջազգային հանրությունը՝ ի դեմս միջազգային առաջնային մանդատ ունեցող կազմակերպությունների կամ կառույցների։
Քանի դեռ նման գործընթացներ չկան, լիարժեք չի իրականացվում, բնականաբար, Ադրբեջանի կողմից նմանատիպ ակտիվություն լինելու է։ Իհարկե, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից աշխատանքներ տարվում են, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Սփյուռքում գործող մեր հայկական կազմակերպությունները տարբեր ձևաչափերով աշխատանքներ տանում են, բազմաթիվ հետազոտական, գիտական խմբեր կան, որոնք անում են այդ աշխատանքը։ Այ, եթե դրան գումարվի նաև դիվանագիտական հստակ գործիքակազմով դիվանագիտական կորպուսը, արդեն այլ արդյունք կունենանք։ Ցավոք սրտի, ինչը մենք չենք տեսնում դեռ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: