ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բուժքույրերի միջազգային 4-րդ կոնգրեսում ունեցած ելույթում ներկայացրել է բուժքույրական գործի զարգացման վերաբերյալ նախատեսվող մոտեցումները։
Նա հավաստիացրել է, որ մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում:
«Նման միջոցառումները կարևոր են բուժքույրերի դերի, բուժառուի բուժման գործում ունեցած առաքելության ընդգծման գործում: Գիտակրթական այս միջոցառումները, անշուշտ, նպաստելու են մեր բուժքույրերի ունակությունների, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը կարևորել է նաև բուժքույրերի բակալավրիատի կրթական ծրագրերի դերը՝ վստահություն հայտնելով, որ այն մասնագիտական զարգացման նոր հնարավորություն է ստեղծելու։
«Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում` սկսած անվան փոփոխությունից մինչև կառավարման ոլորտում նրանց ներգրավվածության ընդլայնում: Մասնագիտական աճը զուգակցվելու է համարժեք վարձատրությամբ»,- նշել է նախարարն ու արդյունավետ ընթացք մաղթել միջազգային կոնգրեսի մասնակիցներին:
Երկօրյա համաժողովը հայ բուժքույրերի համար միջազգային բուժքույրական հանրությանը ինտեգրվելու լավ հնարավորություն է ստեղծել։
«Էրեբունի» բժշկական ակադեմիայի կազմակերպած գիտակրթական կոնգրեսին մասնակցել են հարյուրավոր բուժքույրեր, բժիշկներ և գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։