Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ ծաղրելով նրան եւ պահանջելով «բաժանել» Սեւանա լիճը։ «Դու «коз..л», քանի դեռ լիճը չենք բաժանել, մի մտիր մեր «Գյոյչան»… թե չէ մենք էլ կլողանանք»,- գրել էր նա։ Ադրբեջանական կողմը` հակառակ Հայաստանի իշխանությունների խաղաղասիրական լոզունգներին, շարունակ ծաղրում է Հայաստանը եւ հենց նրանց` Ադրբեջանի նկատմամբ նրբանկատություն ցուցաբերելու ջատագովներին: Օրեր առաջ էլ Բաքվի բռնապետ Ալիեւի օգնական Հաջիեւն էր Գանձասարում Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների ներկայությամբ ծաղրել հայկական գրերը:
Թոֆիգ Զուլֆուգարովը նախկին նախարար է, սակայն բռնապետական Ադրբեջանում չկան ներկա ու նախկին պաշտոնյաներ` բոլորը միասնական են հայերի հանդեպ ատելության եւ Հայաստանը գրավելու ցանկության հարցում:
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ ազդեցություն ունի այժմ Թոֆիգ Զուլֆուգարովի խոսքն Ադրբեջանում, արժե՞ նրա գրառումներին լուրջ վերաբերվել: Նա զրույցում ասաց. «Թոֆիգ Զուլֆուգարովն 90-ականներին կարճատեւ ժամանակ եղել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը` հազիվ մեկ-երկու տարի: Ասեմ, որ նա շատ անհաջող նախարար է եղել, եւ երկար տարիներ նրա ձայնը դուրս չէր գալիս ընդհանրապես:
Զուլֆուգարովն ակտիվացել է 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո: Նրան ոչ թե որպես նախկին նախարար պետք է դիտարկենք, այլ որպես հասարակական գործիչ: Նա որպես հասարակական գործիչ, այսպես ասած, կայացավ Մեհրիբան Ալիեւային քծնելով, որպես համացանցի հայտնի օգտատեր: Նա սկսեց համացանցում կարծիք ձեւավորել, հետագայում ներգրավեցին նրան պաշտոնական քաղաքական թեզերի համար: Նա Ֆեյսբուքում գովերգում էր Ալիեւային, նրա մտքերով էր կիսվում եւ այդ ամենի արդյունքում քաղաքական կարծիք ձեւավորող անձ դարձավ Ադրբեջանում:
Ասեմ Ձեզ, որ առաջին անգամ չէ, որ նա անդրադառնում է Նիկոլ Փաշինյանին, նա մոտ 3 ամիս առաջ էլ, երբ Փաշինյանը գնացել էր Սյունիք, գրել էր, որ Փաշինյանին պետք է արգելել այցելել օկուպացված Զանգեզուր, քանի որ այն իրենց պատմական տարածքն է: Այժմ հերթը Սեւանինն է: Եթե մենք հաշվի չառնենք, որ այդ գրառման հեղինակը Թոֆիգ Զուլֆուգարովն է, ապա պետք է ասենք, որ այս մոտեցումը շատ կարեւոր տեղ է գրավում Ադրբեջանում: Այն «Արեւմտյան Ադրբեջան» գաղափարի մի մասն է:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: