Ադրբեջանը պատրաստ է ապագայում նախաձեռնություններ առաջ քաշել Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային և կրոնական հուշարձանների ու մզկիթների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը նվիրված միջոցառման ժամանակ։
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, թե «պատմամշակութային և կրոնական հուշարձանների վերականգնման» ուղղությամբ Ադրբեջանի գործունեությունը չի սահմանափակվում միայն երկրի տարածքով։
«Ինչպես մենք հայտարարել ենք Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ մեր քննարկումների ընթացքում՝ ապագայում, եթե հնարավորություն ստեղծվի, մենք պատրաստ ենք նախաձեռնություններ առաջ քաշել ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային և կրոնական հուշարձանների ու մզկիթների վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա։
Ֆազիլ Մուստաֆան հավելել է, թե խաղաղության համաձայնագրից հետո այդ տարածքներում ժառանգության վերականգնման հարցը նույնպես կարող է բարձրացվել։
Հիշեցնենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։
Ուշագրավ է, որ Արցախի տարածքում հայկական պատմական ու կրոնական ժառանգության ոչնչացմամբ և պատմության նենգափոխմամբ զբաղվող Բաքվի պաշտոնյան խոսում է հուշարձանների վերականգնումից։
Հավելենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի