Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 5-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ «թյուրքական աշխարհը զարգացման փուլ է մտել»։
Նա, մասնավորապես, ասել է, որ վեց տարի առաջ Ադրբեջանի «Ղարաբաղյան հաղթանակը» հիմք է դրել տարածաշրջանում «նոր աշխարհաքաղաքական իրողության» համար։ Նրա խոսքով՝ այդ հաղթանակը նաև ճանապարհ է հարթել «Զանգեզուրի միջանցքի» (խոսքը TRIPP-ի մասին է-խմբ.) իրականացման համար, որը կկապի իրար թյուրքական երկրները՝ տնտեսական, լոգիստիկ և ռազմավարական առումներով։
Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներին՝ Ադրբեջանի «ազատագրված տարածքների» վերականգնմանն ու վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահությամբ կազմակերպությունն աշխատում է Եվրոպան և Ասիան կապող «Միջին միջանցքի» զարգացման ուղղությամբ՝ այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» և այլ տրանսպորտային կապերի միջոցով։
Ալիևի խոսքով՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցությունը պետք է խորանա նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում ավանդական սպառնալիքներին ավելացել են նոր մարտահրավերներ՝ այդ թվում կիբերսպառնալիքները, անկայունության նոր օջախներն ու միջազգային իրավունքի ճգնաժամը։
Ադրբեջանի նախագահը կարևորել է անդամ երկրների անվտանգության խորհուրդների համագործակցությունը՝ նշելով, որ ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կրոնական ծայրահեղականության, հիբրիդային սպառնալիքների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության հարցերը «ոչ մի պետություն չի կարող միայնակ լուծել»։
Նրա խոսքով՝ անվտանգության խորհուրդների համագործակցությունը ցույց է տալիս, որ թյուրքական աշխարհի ինտեգրումը չի սահմանափակվում քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներով, այլ ունի նաև «երկարաժամկետ ռազմավարական բնույթ»։
Ալիևը համոզմունք է հայտնել, որ հանդիպման ընթացքում քննարկվող նախաձեռնությունները կնպաստեն տարածաշրջանի երկրների խաղաղությանն ու անվտանգությանը և «թյուրքական աշխարհը կդարձնեն ավելի դիմակայուն և անսասան ուժ՝ գլոբալ սպառնալիքների պայմաններում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: