Ալիեւը ճիշտ կանի՝ լռի մարդասիրության եւ այլ արժեքների մասին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.

Ալիևի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ իրենք միայն ռազմական ստորաբաժանումներն են թիրախավորել, աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակահարությունը, որն, ի դեպ, հենց ադրբեջանցիներն էլ տեսանկարահանել ու զետեղել էին համացանցում:

Նույնը վերաբերվում է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Թալիշ ներխուժմանն ու Խալափյանների ընտանիքի 2 մեծահասակ անձանց դաժան սպանությանը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի օրերին բազմաթիվ կադրեր հրապարակվեցին հայերի գերության մեջ գտնվելու մասին, իսկ դրանից հետո այդ մարդիկ կա՛մ սպանվեցին, կա՛մ ներկայումս ունեն անհետ կորածի կարգավիճակ:

Այնպես որ, Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» և մինչև վերջ իր պարտադրածները ստանալու մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, համաշխարհային մշակույթի ու կրոնական արժեքների նկատմամբ իր նվիրվածության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. ի վերջո, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն՝ թե՛ ներսում, թե՛ դրսում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment