Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո


Համացանցում այսօր տարածված՝ «Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձ հայտնվելու և երեխաների ու աշխատակիցների տարհանման» վերաբերյալ լուրերի առնչությամբ տեղեկացնում ենք, որ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով,համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով, մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտաշատի համայնքապետարանը։


 


«Այս ընթացքում համապատասխան մասնագետների և ծառայությունների կողմից կիրականացվեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։


 


Հորդորում ենք չանհանգստանալ․ երեխաների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Իրավիճակը գտնվում է  համայնքի ղեկավարության և համապատասխան ծառայությունների մշտական ուշադրության ներքո։


 


Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment