Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ Ավանեսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։

Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,- նշել է նա։

Նախարարի խոսքով` օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով։

Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով:

ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:

Leave a comment