Մարդիկ կարող են կատաղությամբ վարակվել նույնիսկ չղջիկի թքից, NEWS.ru-ին հայտնել է ընդհանուր պրակտիկայի բժիշկ Ելենա Պավլովան։ Մասնագետի խոսքով՝ եթե չղջիկը հայտնվում է ձեր բնակարանում, կարևոր է պահպանել հանգստություն և ոչ մի դեպքում չդիպչել դրան մերկ ձեռքերով։
Եթե չղջիկը թռչում է ձեր տուն, գլխավոր կանոնն է՝ չխուճապահարվել և կենդանուն մերկ ձեռքերով չդիպչել։ Այն ագրեսիվ չէ. հնարավոր է՝ պարզապես կորցրել է կողմնորոշումը և ելք է փնտրում։ Լայն բացեք պատուհանը կամ պատշգամբի դուռը և անջատեք սենյակի լույսը, որպեսզի չղջիկը կարողանա ինքնուրույն դուրս թռչել։ Եթե կենդանին առողջ է, բայց պարզապես չի կարողանում դուրս գալ, օգնեք նրան։ Անպայման հագեք հաստ կաշվե ձեռնոցներ կամ օգտագործեք հաստ սրբիչ։ Չղջիկի կծածի հետքը կարող է գրեթե աննկատ լինել։ Մանրակրկիտ պետք է լվանալ այդ հատվածը օճառով ու ջրով և ախտահանիչ միջոց քսել։
«Հիմնական վտանգը կատաղությունն է։ Նույնիսկ եթե կծոց չի եղել, բայց չղջիկի թուքը շփվել է լորձաթաղանթի կամ բաց վերքի հետ, դա համարվում է վարակման վտանգ պարունակող դեպք, որը պահանջում է բժշկական զննում», – ասել է Պավլովան։
Մասնագետը նշել է, որ թեև Եվրոպայում չղջիկից կատաղությամբ վարակվելու ռիսկը չափազանց ցածր է, այնուամենայնիվ, այն զրոյական չէ։ Ամեն դեպքում, նա խորհուրդ է տվել կենդանու հետ շփումից հետո դիմել մասնագետի՝ բժշկական խորհրդատվություն ստանալու համար։