Գարեգին Բ-ն Մայր աթոռում ընդունել է Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանի թեմի կառավարչին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում ռուս ուղղափառ հավատացյալների համայնքային կյանքի կազմակերպմանն ու նրանց հոգևոր–հովվական խնամքին առնչվող հարցեր։ Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը։

«Երկուստեք կարևորվեց միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներ է փոխանցել Նորին սրբություն Կիրիլ պատրիարքին։

Sputnik Արմենիա

Leave a comment