ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներսում չկա որոշված կոնկրետ ժամկետ, թե երբ է լինելու կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ասած փողոցային պայքարը, որը, ինչպես Սամվել Կարապետյանը բազմաթիվ անգամ կրկնել է, լինելու է մեկ անգամ ու վերջնական։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստանից» պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Այդ պահը հասունանում է, շատ լուրջ հասունացման ճանապարհին է։ Մենք հիմա էլ կարող ենք փողոցային պայքար սկսել, բայց, ինչպես մեր կուսակցության առաջնորդն է հայտարարել, դա լինելու է մեկ անգամ ու վերջնական։ Անընդհատ այդպիսի բան չենք ուզում կազմակերպել։ Գործընթացներն էլ այնպես են գնում, որ շատ երկար չի տևի»,- ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով այսօր նախատեսված, սակայն տեղի չունեցած «Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի և կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստին՝ Ղազինյանն ասաց. «20 րոպե առաջ դատախազն ասի՝ զբաղված եմ, չեմ կարող գալ։ Առանց կասկածի կարող եմ հայտարարել, որ քաղաքական որոշման արդյունք է, այլ տարբերակ չկա։ Դատախազը վաղուց պետք է պլանավորած լիներ այսօրվա նիստը։ Հաշվի առնելով գործի հնչեղությունը ու այս գործի հետ կապված Քննչական կոմիտեի փչած փուչիկը՝ միանշանակ քաղաքական է։ Ունեմ կարծիք՝ ինչու է այդ որոշումը կայացվել, բայց թույլ տվեք այս պահին չբարձրաձայնել։ Ուղղակի հանձնարարական է տրվել՝ չգալ»։
Անդրադառնալով Ալիկ Ալեքսանյանին մեղսագրվող արարքին՝ Ղազինյանն ասաց. «Ես, լինելով իրավաբան, այդտեղ փողերի լվացում չեմ տեսնում։ Ինչքանով հայտարարվել է, բերել են, կապել են «Մեր ձևովի» հետ, ինչ-որ սխեմա են ասում, բայց դա շատ ակնհայտ է։ Այդտեղ չկա քրեական գործ, քաղաքական է։ Այս իշխանությունները փողերի լվացում դնելով՝ փորձում են կյանքը, բիզնեսը դժվարացնել»։
Ղազինյանն ասաց, որ Ալիկ Ալեքսանյանի տեսակցությունների արգելք կա, և իրենք չեն կարողանում տեսակցել նրան։ Նա նկատեց, որ Ալեքսանյանը գերեվարվածի կարգավիճակում է։
«Ալիկ Ալեքսանյանը նստած է ոչ մի բանի համար։ Ոնց որ գերու կարգավիճակում լինի։ ՀՀ քաղաքացին գերի է վերցված»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: