ՀՀ քաղաքացիությունը հնարավոր կլինի վերականգնել հրաժարվելուց առնվազն 5 տարի անց

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն կարող ես վերականգնել ՀՀ քաղաքացիությունը։ Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիությունը հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ։

«Գործող օրենսդրության մեջ, երբ մարդուն կարող ենք ՀՀ քաղաքացիություն շնորհել, հաջորդ օրը նա կարող է դիմել ու դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը։ Իհարկե սա զարտուղի ճանապարհներով տարբեր երկրներում տարբեր հարցեր լուծելու առերևույթ մղումներ է ենթադրում կամ գոնե մեզ մոտ կասկած է հարուցում»,– շարունակեց Սարգսյանը։

Նախարարի կարծիքով` ՀՀ քաղաքացիություն ստանալը քաղաքացուն մատուցվող հերթական ծառայությունը չէ, քանի որ կարիք կա գաղափարական տեսանկյունից գնահատելու։

Նա անդարադարձավ նաև քաղաքացիությունից հրաժվելու և ստանալու պետական տուրքի բարձացմանը։

«Շնորհման դեպքում՝ 250 հազար դրամ, իսկ դադարեցման դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ տուրք։ Պետք է մտաբերենք, թե երբ ՀՀ քաղաքացիություն ենք տալիս անձին, ինչպիսի արտոնություններից է օգտվում՝ անվճար կրթություն, առողջապահության ապահովագրություն, տարբեր ներդրումներ․ սա ոչ թե փոխհատուցում է այն գումարի, որ պետությունը ծախսում է քաղաքացու համար, այլ դիտակետ է, որը մենք ապահովում ենք, որ երկկողմ ցավոտ լինի իրարից բաժանվելու պրոցեսը»,– շարունակեց Սարգսյանը։

ՆԳՆ նախարարը շեշտեց, որ ՀՀ քաղաքացիություն զրկելը միայն անձնագրից զրկելու գործընթաց չէ, այլ պետություն–քաղաքացի կապերը խզելու մասին է։ Սարգսյանը մեկ այլ նախատեսվող փոփոխություն ներկայացրեց. նախագահի ` քաղաքացիություն տալու հրամանագիրն ուժի մեջ է մտնում քաղաքացու երդման պահից սկսած։

«Մենք շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ նախագահն իմ առաջարկվով շնորհում է քաղաքացիություն, բայց անձինք չեն մոտենու անձնագիրը ստանալու համար, չեն մոտենում երդման տեքստը վերցնելու համար։ Ի վերջո դա միայն վարչարարական գործընթաց չէ, քանի որ երդմամբ դու տալիս ես հավաստում, որ հանդիսանում ես ՀՀ քաղաքացի»,– մանրամասնեց նախարարը։

Հիշեցնենք, որ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am–ում ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250 000 դրամ՝ գործող 50 000 դրամի փոխարեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։

Sputnik Արմենիա

Leave a comment