Քաղաքականություն
09.09.2026 | 21:14
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Կիևին տրամադրվող ցանկացած օգնությունը՝ Ուկրաինայում հակամարտության շուտափույթ կարգավորումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։
«Առաջին հերթին, հավանաբար, պետք է դադարեցնել Կիևին ցանկացած օգնություն տրամադրելը»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը՝ այն հարցին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը հակամարտությունը դադարեցնելու համար։
Ուշակովը նշել է, որ սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Վաշինգտոնի հնարավոր քայլերը, որոնք, ըստ նրա, կնպաստեին խաղաղ կարգավորմանը։
Ավելի վաղ, ըստ Ուշակովի, Թրամփը Պուտինի հետ զրույցում խոստացել էր «տպավորիչ ինչ-որ բան»՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավորինս արագ ավարտի դիմաց։ Պուտինը հավանություն է տվել այդ մոտեցմանը՝ «երկու մեծ տերությունների կառուցողական գործընկերության հնարավոր ձևավորման համատեքստում»։
Բացի այդ, Յուրի Ուշակովը չի բացառել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։
«Որոշակի շփումներ կան, սակայն այժմ խոսքը Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի վերսկսման մասին է, որը նախկինում տեղի էր ունենում։ Այդ հարցը մենք քննարկել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ, այնպես որ հնարավոր է՝ այս գործընթացը վերսկսվի եռակողմ ձևաչափով։ Մեր ներկայացուցիչները, օրինակ, հանդիպել են Աբու Դաբիում, և միանգամայն հնարավոր է շարունակել հանդիպումները նաև այնտեղ»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի։