ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն օրերս հայտարարեց, որ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները և իրավաբանական համայնքին կոչ արեց ուսումնասիրել գործը: Թեմայի շուրջ News.am-ը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանի հետ:
-Պարոն Սիմոնյան, վերջերս իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարեց , որ առաջին անգամ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները՝ 3302 էջ ընդհանուր ծավալով: Նա ներկայացրեց մի շարք աբսուրդային օրինակներ և կոչ արեց մասնագիտական հանրությանը ուսումնասիրել գործը: Դուք, որպես միջազգային հարցերում մասնագիտացած իրավաբան, հասցրե՞լ եք ուսումնասիրել այդ փաստաթղթերը:
-Դրանք, ինչպես նշեցիք, 3302 էջ են կազմում: Հիմա մանրակրկիտ ուսումնասիրում եմ, և հավանաբար առաջիկայում ավելի ծավալուն գնահատական կլինի: Բայց արդեն պարզ է, թե ինչի հետ գործ ունենք:
Տիկին Սահակյանի նշած աբսուրդային օրինակներին կարող եմ ինքս էլ մի ամբողջ շարք ավելացնել, ընդ որում՝ ոչ միայն աբսուրդային , այլ փնթիության, թափթփվածության, անտրամաբնության, մասնագիտական անձեռնահասության օրիանակեր:
· Այսպես, օրինակ, Դատավճռի սկզբում Վարդանյանն ուղղակիորեն արձանագրված է որպես «նախկինում չդատված»։ Պատիժ նշանակելիս նույն դատարանը հղում է կատարում Ադրբեջանի քրեական օրենսգրքի այն հոդվածին, որտեղ սահմանված է «հանցագործության ռեցիդիվը»՝ որպես ծանրացնող հանգամանք։
· Դատավճիռը մեղավոր է ճանաչում Վարդանյանին մեկ հոդվածով, բայց 14 տարվա ազատազրկում նշանակում է մեկ այլ հոդվածով (214-2), որը երբեք չի հայտնվել ո՛չ նախնական մեղադրանքում, ո՛չ մեղավոր ճանաչող եզրափակիչ ցանկում։ Պարոն Վարդանյանը հնարավորություն չի ունեցել պաշտպանվել այն մեղադրանքից, որով, ի վերջո, դատապարտվել է։
· Ավիացիայի անվտանգության հոդվածով (այո, նման հոդվածով էլ է Վարդանյանին մեղադրանքառաջադրված՝ 270-1.2) դատարանն ինքն է գրում, որ քրեական հետապնդման երկամյա ժամկետը լրացել է։ Այնուհետև, դրանից հետո մեղավոր է ճանաչում Վարդանյանին այդ նույն հոդվածով։ Դատարանն ինքն է հայտարարում, որ իրավունք չուներ քրեական հետապնդումը շարունակելու, բայց շարունակում է և պատիժ է նշանակում։
· Դատավճռում ուղղակիորեն նշվում է, որ Վարդանյանը «հրաժարվել է ցուցմունք տալուց և ապացույցներ չի ներկայացրել», և այդ հանգամանքը հետագայում ներկայացվում է, որպես մեղադրանքը հիմնավորող ապացույցներից մեկը։ Մինչդեռ ցուցմունք չտալը ամբաստանյալի սահմանադրական իրավունքն է, ոչ թե մեղքի ապացուցման հանգամանքներից մեկը։ Ապացուցման բեռը միշտ կրում է մեղադրող կողմը։
· Պարոն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել այն գործողությունների ու իրադարձությունների համար, որոնք կատարվել են 1988-2022թթ՝ մինչև այն պահը, երբ ինքը ստանձնել է պետական պաշտոն Արցախի Հանրապետությունում։ Օրենքի հետադարձ ուժի կիրառման նման անտրամաբանական օրինակ հնարավոր չէր երևակայել։ Դատավճռի առաջին մի քանի հարյուր էջը նկարագրում է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ինչ-որ ենթադրյալ իրադարձություններ, որոնք կատարվել են տարբեր հայերի կողմից, իսկ վերջում դատարանը հանգում է այն եզրակացության, որ այդ բոլոր գործողությունները կարելի է վերագրել պարոն Վարդանյանին, քանի որ նա միացել է Արցախի Հանրապետությանը, որը, ըստ Ադրբեջանի, «Հայաստանի Հանրապետության կողմից ֆինանսավորվող ապօրինի և ահաբեկչական կազմակերպություն էր»։ Դժվար չէ կռահել, թե ուր է տանում այս տրամաբանությունը․ այն է՝ Հայաստանի պատասխանատվության, ինչը մեր իշխանությունները, կարծես, չեն ցանկանում հասկանալ։
· 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակմամբ պայմանավորված սահմանային իրադարձությունները տեղի են ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին, ոչ թե Արցախում։ Դատավճիռը շրջում է դերերը՝ ադրբեջանական զինվորականների վնասվածքները ներկայացնելով որպես «հայկական սադրանք», և ամբողջը ներառում Վարդանյանի գործում։ Մինչդեռ վերջինս անգամ Արցախի պետնախարար պիտի դառնա միայն երկու ամիս անց՝ նոյեմբերի 4-ին։
· Հետաքրքիր մեկ այլ դրվագ։ Մեկ վկա ասում է. անձրևից մեքենան սահել է ականապատ գոտի։ Մեկ ուրիշը՝ մթության մեջ սայթաքել է զինամթերքի արկղը կրելիս և ձեռքը վնասել է։ Ոչ մեկը կապ չունի Վարդանյանի հետ, բայց երկուսն էլ գրանցված են որպես «տուժող» նրա գործում։ Եղանակային պայմաններով պայմանավորված պատահարն ու գիշերային մշուշով պայմանավորված սայթաքումը դառնում են գործի ապացուցողական մաս։ Սա վկայում է ոչ թե ապացույցի ուժի, այլ գործի սահմանների անհեթեթ լայնության մասին։
· Բարեգործությունը ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորում։ «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունը ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորման մշակված ճանապարհ։ Իր մինչդատական ցուցմունքում Վարդանյանն ինքն է նկարագրում, թե ինչպես է ֆինանսավորել Արցախում դպրոցների վերականգնումն ու հարյուրավոր ընտանիքների հարսանիքները։ Դատավճիռը հենց այս խոսքերն է մեջբերում որպես ապացույց, թե որքան «խորապես» նա միացած եղել Ադրբեջանի ընկալմամբ «հանցավոր միավորմանը»։
Սրանք միայն մի փոքր մասն են դատավճռում տեղ գտած աբսուրդային, անտրամաբանական, հակաիրավական ու հակամասնագիտական եզրահանգումների, որոնք, կարծես թե, տեղ են գտել այդտեղ, որովհետև միջազգային հանրության և Հայաստանի իրավաքաղաքական ճնշումների իսպառ բացակայության պայմաններում Ադրբեջանը շատ ազատ է իրեն զգում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: