Մուրադսարի քարե մատյանները. միայն այս հատվածում մեր նախնիները մոտ 1000 պատկեր են կերտել քարե մատյանների վրա

Հայոց լեռնաշխարհը, որ եղել է մարդկության հնագույն օրրաններից մեկը, առավել հաստատուն է դառնում, երբ շրջում ես տարածքով։ Իսկ լեռներում հնագույն մարդու հետքը առավել շատ է ու պատմող։

Վերջերս աշխատանքային այցով եղա Տիրինկատար կամ Կարմիր սար կոչվող սրբազան հատվածում, որը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ավան գյուղի վարչական տարածքում՝ Արագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածում, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա։ Բարձրադիր այս տարածքը զբաղեցնում է մոտ 40 հա մակերես ունեցող սարահարթ։

2012 թվականին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի համատեղ արշավախումբը այստեղ հայտնաբերել է 12 վիշապաքար։ Իսկ 2013 թվականից սկսած այստեղ իրականացվում են հնագիտական համակարգված ուսումնասիրություններ և պեղումներ։ 2026 թվականին ևս Տիրինկատարում իրականացվել են հնագիտական պեղումներ։ Բացի վիշապաքարերից, տարածքում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձաններ՝ դամբարաններ, կրոմլեխներ, ժայռապատկերներ, կլորավուն կառույցներ, «հսկայի տներ» և այլ հնագիտական մնացորդներ։ Պեղումները ֆինանսավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Տիրինկատար հուշարձանախումբը Յունեսկոյի համաշխարհային ժառանգության վերջնական ցանկում ընդգրկելու նպատակով:

Տարածքը հայտնի է նաև «Տասներկո

ւ բանդեր (առուներ)» դարձյալ հազարամյա պատմություն ունեցող ջրատարներով, որոնք սկիզբ են առել Ամբերդ գետից ու հասել Արարատյան դաշտ։ Ծովի մակերևույթից 3214 մ բարձրություն ունի ՀՀ վայոց Ձորի մարզում գտնվող Մուրադսարը կամ Հուսո սարը՝ Թեքասարի լեռնաշղթայում։

Սեպտեմբերի 6-ին, արշավորդ Սարգիս Մանուկյանի առաջարկով, բարձրացանք արդեն Հուսո սարի ստորոտ, որտեղ ծովի մակերևույթից դարձյալ 3000 մ բարձրության վրա նման պատկեր է, ինչ՝ Տիրինկատարում։ Նշված տարածքներ հասնել հնարավոր է միայն ամենագնաց մեքենաներով։ Համեմատած Տիրինկատարի՝ Հուսո սար բարձրանալն առավել դժվար է․ ճանապարհը որոշ տեղերում ունի վտանգավոր ու դժվարանց թեքություն, անձրևաջրերը, ձնհալքի ջրերը հեղեղել են ճանապարհը՝ թողնելով միայն սուր-սուր քարեր։

Ավելի վերևներում ճանապարհի աջ ու ահյակ տեսանելի են հազարամյակների պատմություն ունեցող դամբարաններ, մեգալիթյան աշտարակներ, պատմական փարախներ, այլ կառույցների հիքեր ու պատաշարեր։ Վերջապես երևում է Հուսո սարը, որի արևմտյան կողմում աղբյուրներ ու գետակներ կան, որոնց հարևանությամբ երևում են անասնապահների վրանները։

Լեռան հյուսիսարևելյան հատվածում է մեր լեռնաշխարհի բացառիկ հնավայրերից մեկը՝ ժայռապատկերների սարահարթը։ Ինչ-որ ժամանակ տեղի ունեցած հրաբխային ժայթքումից առաջացել են բազում քարացրոններ, ժողովրդական խոսքում՝ «խնջիկներ»՝ նման Տիրինկատարի, Գեղարքունիքի Սև սարի, Արագածոտնի Մարզի Վերին Բազմաբերդի, Ձորագլխի և այլ տարածքների տեսարաններին։

Տիրինկատարում պեղումներ իրականացնող արշավախմբի հայկական մասի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ․ գ․ դ․ Արսեն Բոբոխյանը տեղեկացրեց՝ հնադարյան մարդը ընդարձակ ու հարթ տարածքները, որ շրջափակված են սարերով, օգտագործել է հիմնականում ծիսական, գիտական նպատակներով, ինչպես նաև՝ որպես անասնապահության համար։ Այստեղ՝ Հուսո սարի ստորոտում նույնպես հազարամյակներ առաջ մարդն իր հետքն է թողել՝ մոտ 200 քարերի վրա պատկերելով իր տեսածը, երազանքը, մտորումները, երկնային գիտելիքները։

1960 թվականից ուսումնասիրվել են այս ժայռապատկերները։ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պ․ գ․ թ․ Կարեն Թոխաթյանի նորատիպ «Հայաստանի ժայռապատկերները» գրքում, ներկայացնելով Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման 140-ամյա պատմությունը, գրում է․ «Համեմատելով Արագածի, Գեղամա, Սյունիքի, Վայքի, Քարվաճառի լեռների, Նախիջևանի և Շատախի ժայռարվեստը՝ հանգում ես եզրակացության՝ բոլորը նկարված են նման ոճով, ունեն գրեթե նույն թեմատիկան: Սա նշանակում է, որ դրանք նույն էթնիկ հանրության մտքի արգասիքն են: Դա շատ կարևոր հանգամանք է»:

Մեր փոքր խմբով՝ Սարգիս Մանուկյան, Գոռ Ղազարյանն ու կինը՝ Լիլիթը, Սողոմոն Մկրտչյանը, տողերիս հեղինակը, շրջում ենք քարացրոնների մեջ, ու իրենց արտասովոր պատկերներով երևում են ժայռապատկերները։ «Քարե մատյանների պատկերասրահ է», -ասում է Սարգիսը։ Առանձին են ու խմբով պատկերազարդ քարերը։

Որոշների միայն մի նիստի վրա են պատկերները, սակայն կան քարեր, որոնց մի քանի նիստերն են զարդարված տարբեր պատկերներով։ Որոշների վրա մի պատկեր է նկարված-քանդակված, օրինակ՝ օձ-վիշապ, այծ և այլն։ Բայց կան քարեր, որոնց վրա տարբեր պատկերներ են՝ մարդ, օձ, այծ այլ կենդանի և այլն։

Ըստ ժայռապատկերների լավագույն գիտակ Սամվել Շահինյանի․ «200-ից ավելի են տարածքի ժառապատկերների քարերը, իսկ պատկերները 1000-ին մոտ»։ Այսինքն՝ միայն այս հատվածում մեր նախնիները մոտ 1000 պատկեր են կերտել քարե մատյանների վրա։ Որոշների պատկերները հնարավոր է՝ տարբեր սերունդներ են քանդակել՝ տարբեր եղանակով։ Ցավոք, կան քարեր, որոնց վրա նաև մեր օրերի մարդն է խզբզել իր անունը։

Քարացրոնների քարերի մեծ մասի արևահայաց կողմերը հիմնականում շանթահարված են, ունեն կապտագույն երանգ։ Կան քարեր, որոնց վրա պատկերներ չկան, բայց 2 փոսորակ ունեն։ Մի մեծ քարաբեկորի երեսի հատվածը հարթեցված է, ունի մի փոսորակ։ Երևի զոհասեղան է եղել՝ ասում է Սարգիսը։ Նույն քարացրոնների մեջ երևում են նաև դամբարանների խցեր, հսկաների տներ, որոնք կան նաև Տիրինկատարում, Սև սարի հնավայրում և մեր հայրենիքի այլ վայրերում։

Մի հատվածում երևում է նաև մոտ 100 մ երկարությամբ ձգվող պատաշարը, որը հնարավոր է՝ եղել է պարիսպ։ Որոշ հատվածներ պատաշարով 4 կողմից են փակ եղել․․․ Թե որպես ի՞նչ են դրանք ծառայել հարցերի պատասխանը գիտական արշավախումբը կարող է տալ։ Սակայն մի բան պարզ է՝ տարածքը եղել է սրբազան վայր, այստեղ ծեսեր են կատարել քրմերը՝ իրենց գիտելիքները, փորձը փոխանցելով սերունդներին։

Մի քանի ժամը շատ քիչ է՝ տարածքն ուսումնասիրելու, ամբողջ պատկերներով քարերը գտնելու համար։ Ամեն դեպքում մի քանի տասնյակ պատկերազարդ քարեր գտնում ենք, լուսանկարում, մոտավոր պատկերացնում՝ ինչ են մեր նախնիները նկարել քարին։

Ժայռապատկերների մի ամբողջ խումբ արևելք-արևմուտք ձգվող հեղեղատի մեջ են գտնվում։

Իրիկնամուտին հրաժեշտ տվեցինք Հուսո սարի՝ հազարամյակների պատմությամբ քարե մատյանների տարածքին։ Վերջապես հասանք Եղեգիս գետի հովիտ։

Համանուն գյուղում՝ ճանապարհի եզրին է գտնվում Օրբելյանների տոհմական տապանատունը (13-14դդ)։ Մի քանի տապանաքար ու 2 խաչքար կա այստեղ։ Գիտենք՝ Օրբելյանների հիմնական տապանատունը գտնվում է Նորավանքում։ Իսկ Եղեգիս գյուղը միջնադարում, հատկապես Օրբելյանների օրոք, եղել է իշխանանիստ։

Կանգ ենք առնում նաև Եղեգիսի ճանապարհին գտնվող որմնափակ խաչքար-կոթողի մոտ, որը կերտվել է 1340 թվականին։ Այցելեցինք նաև Հորբատեղ գյուղի հանքային ջրի ակունքի մոտ, որը, ցավոք, չոր էր։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment