Թուրք պատմաբան Նեվզաթ Օնարանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում փոքրամասնությունների դեմ իրականացված պոգրոմների թեմային։ www.akunq.net –ի փոխանցմամբ՝ Նեվզաթ Օնարանն իր էջում նաև մի արխիվային փաստաթուղթ է հրապարակել, որն ապացուցում է, որ այդ դեպքերը հրահրվել ու կազմակերպվել են թուրքական պետության կողմից։
Թուրք պատմաբանը փաստաթղթին կից մասնավորապես գրել է․
«Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմների ժամանակ Ստամբուլում տեղի ունեցած ցույցը կազմակերպելու պարտականությունը դրվել է «Կիպրոսը թուրքական է» ընկերության վրա, որին Թուրքիայի վարչապետարանը 1955 թ․ օգոստոսի 31-ին 5000 լիրա է ուղարկել։ Այդ հաստատությանը մեկ տարվա ընթացքում պետության կողմից վճարվել է 235 հազար լիրա՝ 5․000 լիրան էլ ներառյալ։ Ընկերությունն ստացել է գումարը, սկսել պատրաստությունները, 22 հազար ազդագիր տպել և այլն»։
Հիշեցնենք, որ 1955 թ․ սեպտեմբերի 6-ին և 7-ին Ստամբուլում տեղի ունեցան պոգրոմներ, որոնց հիմնական թիրախը քաղաքի 100․000-անոց հունական համայնքն էր։ Քաղաքի հայկական ու հրեական բնակչությունն ու նրանց ունեցվածքը ևս զոհ գնացին ջարդերին, որոնք, համաձայն որոշ աղբյուրների, կազմակերպված էին թուրքական կառավարության կողմից։ Պոգրոմներին զոհվեցին 16 հույն և մեկ հայ։
Աղբյուր՝ BCA: 10.9/107.332.3, s. 109; 6-7 Eylül Olayları, Fahri Çoker Arşivi, Tarih Vakfı Yurt Yayınları, İstanbul-2005, s. 291։
Թարգմանեց Մելինե Անումյանը