Վենետիկի 83-րդ կինոփառատոնը մեկնարկել է․ Ջորջ Քլունին քննադատել է «կակիuտոկրատիան» և արհեստական բանականությունը

Արհեստական բանականություն, կլիմայի փոփոխություն և աշխարհաքաղաքական հակամարտություններ․ Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի առաջին օրվա ելույթների մեծ մասը նվիրված է եղել քաղաքականությանը, քարոզչությանն ու կինոարդյունաբերության ապագային:

Առաջին օրվա գլխավոր հերոսը դարձել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին, ով փառատոնում ստացել է մրցանակ՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար: Լրագրողների հետ զրույցում 65-ամյա դերասանն ընդգծել է, որ աշխարհն այժմ ապրում է «կակիuտոկրատիայի» պայմաններում, երբ երկիրը ղեկավարում են ամենաանհամապատասխան մարդիկ:

Խոսելով արհեստական բանականության մասին՝ Քլունին նշել է, որ կինոարդյունաբերությունը ստիպված է լինելու գոյատևման ուղիներ գտնել: Նա նաև քննադատել է մեդիադաշտի կենտրոնացումը խոշոր գործարարների ձեռքում, այդ թվում՝ The Washington Post-ի և X սոցիալական ցանցի սեփականատերերին, ինչպես նաև անդրադարձել Paramount-ի և Warner Bros.-ի հնարավոր միաձուլմանը:

Ժյուրիի նախագահ, դերասանուհի և ռեժիսոր Մեգի Ջիլենհոլը նույնպես անդրադարձել է համաշխարհային ճգնաժամին․ «Ինչպե՞ս կարող ենք նստել այստեղ և քննարկել կինոն, երբ աշխարհն ապրում է արտակարգ իրավիճակում։ Կարծում եմ՝ պատասխանը կապված է էմպաթիայի հետ»։ Ջիլենհոլը բարձրացրել է նաև մրցութային ծրագրում կին-ռեժիսորների պակասի հարցը:

11 օր տևող փառատոնի ընթացքում սպասվում է հոլիվուդյան աստղերի մասնակցություն, այդ թվում՝ Ռոբերտ Փաթինսոնի, Նոել և Լիամ Գալահերների: Ծրագրում ներառված են փաստագրական ֆիլմեր Իլոն Մասկի, ուկրաինական պատերազմը լուսաբանող ռուս անկախ լրագրողների մասին, պաղեստինցի ռեժիսորների աշխատանքներ և ԱՄՆ ներգաղթի ծառայության մասին կարճամետրաժ ֆիլմ:

Փառատոնը կբացվի Դենի Բոյլի «Ink» մրցութային ֆիլմով, որը պատմում է մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի կողմից The Sun թերթի գնման և դրա հաջողության պատմության մասին: Վենետիկի կինոփառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 12-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment