«Թրամփի դոլարը»․ ԱՄՆ-ում շրջանառության մեջ է դրվել գործող նախագահի պատկերով 1 դոլարանոց մետաղադրամը

ԱՄՆ դրամահատարանը պաշտոնապես հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով «ոսկե դոլար» տեսակի մետաղադրամի թողարկումը՝ քաղաքացիներին կոչ անելով ստուգել իրենց մանրադրամը: Միևնույն ժամանակ, կառույցը կոլեկցիոներներին առաջարկում է մետաղադրամները ձեռք բերել հատուկ պարկերով և գլանափաթեթներով (ռուլոններով), որոնք վաճառվում են բացառապես դրամահատարանի պաշտոնական կայքի միջոցով:  

Նոր մետաղադրամների մանրածախ գինը սահմանված է 61 դոլար՝ 25 մետաղադրամ պարունակող գլանափաթեթի համար, և 154,50 դոլար՝ 100 մետաղադրամով պարկի համար: Չնայած այն հանգամանքին, որ մետաղադրամները համարվում են վճարամիջոց, առօրյա առևտրում դրանք գտնելը բավականին բարդ կլինի, քանի որ 1 դոլարանոց մետաղադրամները լայն տարածում չունեն ամերիկացի սպառողների շրջանում:  

Կոլեկցիոներների համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ հուլիսի 4-ին դրամահատարանը հատել է 250,000 օրինակ՝ «July 4th» հատուկ դրոշմամբ (privy mark), որոնք պատահականության սկզբունքով բաշխվել են վաճառվող փաթեթների միջև: Չնայած ոսկեգույն երանգին՝ մետաղադրամը ոսկի չի պարունակում․ այն 88,5%-ով բաղկացած է պղնձից, ինչպես նաև ցինկի, մանգանի և նիկելի հավելումներից։ Մետաղադրամները հատվել են Ֆիլադելֆիայում և չունեն դրամահատարանի հատուկ տառային նշան (Mint mark):  

Դրամահատարանի գլխավոր փորագրիչ Ջոզեֆ Մենայի հեղինակած դիմերեսին պատկերված է Թրամփի դիմանկարը՝ Սպիտակ տան պաշտոնական լուսանկարի հիման վրա, որն ուղեկցվում է «LIBERTY», «IN GOD WE TRUST» մակագրություններով և «1776–2026» կրկնակի տարեթվով: Դարձերեսին տեղադրված է ԱՄՆ նախագահական զինանշանը (արծիվը)՝ նախկին գլխավոր փորագրիչ Ֆրենկ Գասպարոյի դիզայնով, որտեղ արծվի վահանին ավելացվել է «250» թիվը՝ ի պատիվ ԱՄՆ անկախության 250-ամյակի:  

ԱՄՆ պատմության մեջ նմանատիպ նախադեպ եղել է միայն մեկ անգամ․ 1926 թվականին Քելվին Կուլիջը պատկերվել էր Ջորջ Վաշինգտոնի կողքին՝ Անկախության 150-ամյակին նվիրված 50 ցենտանոց հուշադրամի վրա։ Սակայն դա հուշադրամ էր, այլ ոչ թե շրջանառության համար նախատեսված վճարամիջոց։  

Ամերիկյան օրենսդրությունն ընդհանուր առմամբ արգելում է ողջ անձանց դիմանկարները տեղադրել դրամանիշերի վրա։ Վարչակազմը հենվում է 2020 թվականին ընդունված «Circulating Collectible Coin Redesign Act» օրենքի վրա, որը թույլատրում է 2026 թվականին թողարկել հոբելյանական 1 դոլարանոց մետաղադրամներ։  

Դիզայնի հաստատման գործընթացը նույնպես քննադատության է արժանացել։ ԱՄՆ Կերպարվեստի հանձնաժողովը նախապես առաջարկել էր կողապատկերային (պրոֆիլային) տարբերակ, իսկ Քաղաքացիական դրամագիտական խորհրդատվական կոմիտեն (CCAC), որը սովորաբար քննում է դրամահատարանի նախագծերը, հրաժարվել էր քննարկել այս տարբերակը՝ դա համարելով ժողովրդավարական նորմերի խախտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment