Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանական բժշկական ընկերության իսլամական ասոցիացիայի 31-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և ամերիկյան կողմի հետ ընթացող բանակցություններին:
Փեզեշքիանի խոսքով՝ ավելի լավ կլինի Մերձավոր Արևելքում պատերազմին վերջ դնել հիմա, քանի դեռ Թեհրանը գտնվում է «ուժի և արժանապատվության դիրքերում»: «Պատերազմը վաղ թե ուշ պետք է ավարտվի: Լավագույն տարբերակն է դրան վերջ դնել այսօր, քանի դեռ մենք ուժեղ ենք»,— ընդգծել է Իրանի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է, որ Թեհրանը վճռականորեն կպատասխանի ցանկացած նոր հարձակման. «Նրանք այդ համաձայնագրում չեն կարող գտնել և ոչ մի կետ, որը կնշանակի կապիտուլյացիա. բոլոր պարտավորությունները դրված են մյուս կողմի վրա: Մենք ոչ մի պարագայում չենք ենթարկվի ճնշումներին: Դիմադրելու ենք մինչև վերջին շունչը և հասցնելու ենք ջախջախիչ հարված»:
Իրանի նախագահը ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված վերջին համաձայնությունը որակել է որպես «կարևոր ձեռքբերում», որը միաձայն հավանության է արժանացել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից: