COP17-ի նախապատրաստական աշխատանքների պատճառով Երևանի մի շարք փողոցներում և պողոտաներում երթևեկը կսահմանափակվի. ՆԳՆ


ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։


Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։


Նշվում է, որ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 9․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։


Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝


-Ծիծեռնակաբերդի խճուղի,


-Բրազիլիայի հրապարակ,


-Աթենքի փողոց,


-Իսակովի պողոտա,


-Հաղթանակի կամուրջ,


-Մաշտոցի պողոտա,


-Պարոնյան փողոց,


-Պռոշյան փողոց,


-Ուրուգվայի հրապարակ,


-Արգիշտի փողոց,


-Գրիգոր Լուսավորչի փողոց,


-Բեյրութի փողոց,


-Իտալիայի փողոց,


-Վազգեն Սարգսյան փողոց,


-Հանրապետության հրապարակ,


-Նալբանդյան փողոց,


-Թումանյան փողոց,


-Աբովյան փողոց,


-Արամի փողոց։


«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։


2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միջոցառումը կհամախմբի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչներին։


Համաժողովի հիմնական թեման կլինի 2022 թվականին ընդունված «Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի» կատարման առաջին գլոբալ գնահատումը։


Այն նախատեսում է մինչև 2030 թվականը հասնել 23 նպատակների, այդ թվում՝ մոլորակի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ի պահպանմանը։


Համաժողովին ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում նախատեսված է առաջնորդների գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 27-28-ը տեղի կունենա պաշտոնական հատվածը՝ նախարարների մասնակցությամբ։

Leave a comment