«Նա մեզնից ոչ մի տեղ չի գնա». ի՞նչ նկատի ունի Բելառուսի նախագահը. հայկական խաղաղության նրբերանգները

Յուրաքանչյուր պետության ղեկավար ինքն է որոշում, թե ինչ օրակարգ առաջ մղի միջազգային հարթակներում՝ արևմտյան, թե ԱՊՀ երկրների։ Քանի որ Նիկոլ Փաշինյանն այլ ասելիք չունի և Հայաստանի սուբյեկտայնության մակարդակն այնքան է իջեցրել ու սահմանափակել, որ գլոբալ ասելիք էլ չի կարող ունենալ, անընդհատ անգիր արած տեքստերն է կրկնում բոլոր հարթակներում, որոնք ըստ էության Թրամփի և Ալիևի փառաբանումն են։ Օրերս Թուրքմենստանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այսպես բնորոշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնադիր նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ իր ելույթում Փաշինյանը խոսքը կառուցել է Ալմա-Աթայի հռչակագրի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության գործընթացի շուրջ՝ ասելով, թե այդ գործընթացի հետագա բոլոր քայլերն իրականացվելու են հռչակագրի դրույթների պահպանմամբ՝ ընդհուպ մինչև երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացի ավարտը։

«Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում։ Փաստաթղթի նախաբանում հիշատակվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ առաջին հոդվածում ասվում է. «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը»,- իր ելույթում նշել է Փաշինյանը և հաստատել, որ 2025 թվականի օգոստոսին Թրամփի վկայությամբ նախաստորագրված փաստաթղթով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորվել են հավատարիմ մնալ այդ փաստաթղթի պահանջներին և միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ չունենալ։ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հիշատակած Ալմա-Աթայի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Հայաստանը միակողմանիորեն է կատարել։ Ադրբեջանը մինչև այս պահը որևէ հայտարարություն չի արել Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ պարամետրերով ճանաչելու մասին, այնինչ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի տարածքով հանդերձ։

«Ալմա-Աթայի հռչակագիրն Աստվածաշունչ է միայն Նիկոլ Փաշինյանի համար։ Ադրբեջանի համար հռչակագրի վրա հղումներ անելը Արցախը կլանելու հարմար պատրվակ էր։ Արցախից հետո Ալիևն առանձնապես չի խոսում Ալմա-Աթայի հռչակագրի մասին, իսկ Փաշինյանն իր ելույթն այնպես է կառուցում, ասես խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրվել է, այնինչ այն ընդամենը նախաստորագրվել է։ Եվ դեռ հարց է՝ ընդհանրապես այդ համաձայնագիրը կստորագրվի՞, թե՞ ոչ, քանի որ Ալիևը դրա համար նախապայմաններ է առաջ քաշում, որոնցից մեկը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։ Հընթացս միջազգայնացվում են նաև Ադրբեջանի մյուս պահանջները՝ այսպես կոչված ադրբեջանցի փախստականների և անկլավների վերադարձը, Արցախն օկուպացնելու և այնտեղի ռեսուրսներն անխնա օգտագործելու համար պահանջվող հսկայական փոխհատուցումները, Արցախի համար կռիվ տված Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավի հանդեպ հաշվեհարդարի պահանջը և այլն։ Եվ այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը շարունակում է միջազգային հարթակներն օգտագործել պատրանքներ տարածելու համար։ Նրա արած հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»,- համոզված է քաղաքագետը։

Ըստ նրա՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք չէ ֆետիշացնել։ Այդ հռչակագիր կոչվածի հիմքում որևէ քարտեզային նկարագիր չկա. այն ընդամենը ԽՍՀՄ փլուզումն ազդարարող և ԱՊՀ երկրների ստեղծման վերաբերյալ փաստաթուղթ է։ Հետխորհրդային տարածքում ոչ մի պետություն, նրա ներկայացմամբ, այդ հռչակագրի վրա հիմնվելով սահմանազատում չի կատարել. այն անգամ Հայաստանի և Վրաստանի սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած չէ։ Այնինչ Ադրբեջանն այս հռչակագիրն օգտագործելով՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանի ձեռամբ կլանեց Արցախը և հիմա փորձում է դրա միջոցով Հայաստանից նաև այլ ձեռքբերումներ ունենալ՝ տարածքային, իրավական, ֆինանսական։

Գագաթաժողովին իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, հանդիմանանքով առ Ռուսաստանը, անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ասելով, թե այդ փաստաթուղթն այդպես էլ խաղաղության հասնելու հիմք չդարձավ։ Փոխարենը՝ դա հնարավոր եղավ անել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններով, որոնց հիմքում նույն Ալմա-Աթայի հռչակագիրն է։

«Ակնհայտ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար՝ Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա կառուցված ճարտարապետությունը։ Պետք է ընդունել, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չկանխեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը. ավելի քան 30 տարի հակամարտությունը շարունակվել է Ալմա-Աթայի հռչակագրի գոյության պայմաններում։ Լիարժեք խաղաղություն հաստատելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ էր վերածնել Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը մենք Ադրբեջանի նախագահի հետ արեցինք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով»,- ասել է Փաշինյանը։

Իսկ ինչո՞ւ նոյեմբերյան փաստաթղթով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհը չստացվեց։ Քաղաքագետը հորդորում է այդ հարցը հենց Նիկոլ Փաշինյանին տալ, որովհետև, նրա կարծիքով, հենց Փաշինյանը դա թույլ չտվեց։ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված այդ փաստաթուղթը, որով դադարեցվեց 44-օրյա պատերազմը, իր բոլոր թերություններով ու խոցելի կողմերով հանդերձ, անվտանգային և հրադադարի այն ճարտարապետությունն էր սահմանում, որը թույլ էր տալու խաղաղություն հաստատել, հայկական պահել Արցախի գոնե այն հատվածը, որը պատերազմի ընթացքում Ադրբեջանը չէր հասցրել զավթել, ինչպես նաև պաշտպանել ու պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Փաշինյանն ինքը նպաստեց Ադրբեջանի և արևմտյան որոշ շրջանակների ցանկությունների ու ջանքերի կատարմանը և նոյեմբերի 9-ի փաստաթղթի ճարտարապետության փլուզմանը։ Հիշո՞ւմ եք, թե ոնց էին սուր ճոճում այդ փաստաթղթի 9-րդ կետի դեմ, որով նախատեսվում էր ճանապարհների ապաշրջափակում ռուսական զորքերի վերահսկողությամբ։ Դա շատ ավելի քիչ սպառնալիքներ էր պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխան իրավազորության հանդեպ, քան Թրիփի նախագծերը։ Բայց կեղծ համոզումներով ու պնդումներով Փաշինյանը միտումնավոր գնաց Արցախի կործանմանը, ինչի մասին ինքն անձամբ է խոստովանել, գնաց այդ քայլին՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հաստատված ստատուս քվոն փլուզելու նպատակով։ Նախորդ տարի Անկախության հռչակագրի 35-րդ տարելիցի առիթով իր ուղերձում նա խոստովանել է, որ միտումնավոր է գնացել պատերազմի սանձազերծմանը, որովհետև փորձել է այդ կերպ ավելի ինքնիշխան Հայաստան ստանալ։ Նա հայ ժողովրդին համոզում է, թե Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին, և այդ թոկից հարկավոր էր ազատվել՝ իրապես անկախ երկիր ունենալու համար։ Իհարկե, դա ցնորամտություն է։ Արդյունքում նա ռուսական բանակցային հարթակը փոխեց արևմտյանով, ինչի հետևանքով ունեցանք Արցախի կորուստ և ավելի վտանգավոր կարգավորումներ»,- ասում է Սուրեն Սուրենյանցը։

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդումներին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է, ինչի ապացույցը վերջին երկու տարուց ավելի ժամանակահատվածում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհերի ու վիրավորների բացակայությունն է, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածն արդեն սահմանազատվել է, քաղաքագետն ասաց, որ սահմանին կրակոցներ չլինելու հանգամանքը շատ դրական է, բայց դա դեռ խաղաղության հաստատման ապացույց չէ. «Միայն այդ փաստը չի կարելի համարել ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման երաշխիք, այն դեպքում, երբ Բաքվումռազմագերիներ ունենք, իսկ սահմանների շուրջ 1000 կմ ընդհանուր երկարությունից սահմանազատվել է ընդամենը 12 կմ-ը, այն էլ՝ սահմանագծման ու սահմանազատման տակ քողարկված՝ Հայաստանի միակողմանի զիջում Ադրբեջանին։ Այնպես որ, թվացյալ խաղաղությունը Հայաստանի միակողմանի զիջումների հետևանք է, ոչ թե ինստիտուցիոնալ, հիմնարար երաշխիքներով ամրապնդված ռեժիմ։ Շաքիի միջադեպը ցույց տվեց, թե որքան սնանկ են իշխանության բոլոր պնդումներն անվտանգ, ապահով սահմանի և անշրջելի խաղաղության գործընթացի մասին։ Անկախ նրանից՝ ադրբեջանցի զինվորականը մոլորվել էր, թե իսկապես դիվերսանտ էր, այդ մեկ միջադեպը ցույց տվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խիստ փխրուն են։ Եվ Շաքիի դեպքերից մոտ մեկ շաբաթ հետո Փաշինյանի հավաստումները, թե սահմանին փոխհրաձգություններից զոհեր չունենք, հավասարակշռված չեն, քանի որ նա չխոսեց նման այնպիսի միջադեպերի մասին, որոնց հետևանքով անդամալուծության պատճառ դարձած վիրավորման և մահվան դեպքեր ունենք։ Սահմանին չէ, բայց սահմանից ներս ադրբեջանցի զինվորականները հանցագործություն են անում, վիրավորում և սպանում խաղաղ հայ բնակչի, ինչպես 2023 թվականին ադրբեջանցի դիվերսանտը սպանեց հայ պահնորդին։ Դա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորքային խնդիրները լուծված չեն, իսկ մնացած ամեն ինչը մակերեսային է և երերուն»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեկնաբանելով ԱՊՀ երկրների ղեկավարների լուսանկարման պահին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ իբրև թե Ալիևին ասված, բայց հատուկ Փաշինյանի ականջի համար արտաբերված արտահայտությունը, թե «Նա մեզնից ոչ մի տեղ չի գնա» արտահայտությունը՝ Սուրենյանցն ասաց, որ Բելառուսի նախագահն այդպիսով շատ կարճ և դիպուկ նկարագրել է Հայաստանի արտաքին քաղաքականության փակուղին։

Թագուհի Ասլանյան

Leave a comment