ԱԺ նիստում իր ելույթում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների հարցադրումներին՝ ուղղված Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, արցախցի Արեգա Հովսեփյանին։
«Տիկին Հովսեփյանին հարց չի ուղղվում Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարի գործառույթների, իր պատկերացումների մասին։ Արցախի կնոջը նայելով՝ ասում են՝ դուք ճանաչո՞ւմ եք Արցախն Ադրբեջանի կազմում։ Մարդիկ, ովքեր Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, ուղիղ արցախցի կնոջը նայելով՝ ասում են՝ դե ճանաչեք Արցախն Ադրբեջանի կազմում։ Դե ասա՝ Ղարաբաղ, Արցախ չասես հանկարծ։ Սա հակամարդկային է, սա անմարդկային է, սա քաղաքական հարթության մեջ չէ, որ մենք հիմա քաղաքական պատասխան ենք հնչեցնում»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Նա հավելեց․ «Կամ այդ ի՞նչ հարցադրում է՝ իսկ ինչո՞ւ էթնիկ զտման ժամանակահատվածում, տիկին Հովսեփյան, դուք հենց Ստեփանակերտում չէիք։ Լավ է չհարցրեցին՝ իսկ ինչո՞ւ այն բենզալցակայանում չէիք, որը պայթեց։ Բա Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ուղիղ եթերով ասում էր՝ ի՞նչ էթնիկ զտման մասին է խոսքը, սովորական քաղաքացիներին վտանգ չի սպառնում։ Ես իսկապես կարծում եմ՝ այս բարոյական հարթությունը չպետք է անցնենք։ Ես սրան չէի անդրադառնա, եթե չզգայի, որ սա ընդհանուր մոտեցումն է արցախցիների նկատմամբ»։
Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջն ասում էր՝ «փախածներ», իսկ իրեն հակադարձող արցախցի գործիչ Արտուր Օսիպյանին ուղիղ ասաց՝ ինչո՞ւ չես զոհվել։
«Սա շատ վտանգավոր է, անհնար է ձեր կողմից դիսկուրս բերել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների բարեկամության եւ հարաբերությունների հաստատման մասին՝ միեւնույն ժամանակ Հայաստանի ներսում նման ատելություն սերմանել։ Եվ սա քաղաքական ատելություն չէ, սրան պետք է վերջ տրվի, մեր ժողովուրդը չունի այդ ռեսուրսը՝ միմյանց նկատմամբ ատելությամբ լցվելու»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: