Հայաստանում պետական գնումների 80 ընթացակարգում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3․2 միլիարդ դրամ, հաղթող են ճանաչվել փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ, հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը:
Ծառայությունը հրապարակել է 2026 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ տեղեկացնելով պետական գնումների համակարգում արձանագրված խոշորածավալ խախտումների մասին։
ՊՎԾ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ մասնակիցները մրցույթներում հաղթող ճանաչվելուց հետո հրաժարվել են պայմանագրեր կնքելուց կամ չեն կնքել դրանք։ Արդյունքում խաթարվել է գնումների բնականոն ընթացքը, իսկ պատվիրատուներին և մրցույթների մյուս մասնակիցներին, ծառայության գնահատմամբ, պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնասներ։
Բացահայտված դեպքերի առնչությամբ Պետական վերահսկողական ծառայությունը հանցագործության վերաբերյալ չորս հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։ Ներկայացված նյութերի հիման վրա արդեն նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Գերատեսչությունը նաև ամփոփել է հունվարից սեպտեմբեր իրականացված մշտադիտարկումների ընդհանուր արդյունքները։ Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է մոտ 9538 պետական գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ կամ անհամապատասխանություններ։
Մասնավորապես, 110 մրցույթի փաստաթղթերում հայտնաբերվել են այնպիսի պայմաններ, որոնք հակասել են գործող օրենսդրությանը կամ պարունակել են մասնակիցների նկատմամբ խտրական պահանջներ։
ՊՎԾ-ն տեղեկացրել է, որ համապատասխան պատվիրատուներին առաջարկություններ են ներկայացվել՝ մրցութային փաստաթղթերում արձանագրված թերությունները վերացնելու և ընթացակարգերը օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Բացի այդ, 38 գնման ընթացակարգերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները կամ ընդհանրապես չեն հրապարակվել, կամ հանրությանը հասանելի են դարձել ոչ ամբողջական ծավալով։ Ծառայության տվյալներով՝ արձանագրված խախտումների մասին տեղեկացվել են 29 պատվիրատուներ։ Միաժամանակ 9 պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։
Առանձին դեպքերով արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ ներկայացնելու և հաղթող ճանաչվելու դեպքեր։ Նմանատիպ 4 դեպքերից 2 տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս 2 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։