«Երեկվա իմ ելույթը սփյուռքի վերաբերյալ ալեկոծել է ՀՅԴ շարքերը։ Ասում են՝ պաշտպանում են հայկական շահը, չեն ասում՝ Հայաստանի շահերը կամ հայաստանյան շահերը։ Այս երկու բառերն արդյոք հոմանիշնե՞ր են՝ հայկական շահն ու Հայաստանի շահը, միշտ նույնակա՞ն են, եթե նույնական են, ինչո՞ւ չի օգտագործվում Հայաստանի շահը, եթե հակադիր կարող են լինել, այդ երկուսից ո՞ր մեկը պետք է գերադասի հայ քաղաքական գործիչը ՀՀ-ում», – «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Երեկ Դուք ահավոր վատ ու գռեհիկ եք արտահայտվել հայ ժողովրդի, ՀՀ շահը տասնամյակներով սպասարկող մեր ազգային կառույցների նկատմամբ։ Այստեղ Դուք արտահայտվեցիք Եվրոպայի Հայ դատի գրասենյակի մասին՝ Գասպար Կարապետյանի մասին։ Կարծում եմ ամեն նորմալ դաստիարակություն ստացած մարդ նախ պետք է մեծին հարգին, այն մարդուն, որի հետ ճանապարհ է անցել, որը փոքր-ինչ գիտելիք է տվել։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի տարբեր պատգամավորների դռները ոնց են բացում, ծանոթացնում։ Տպավորություն է, որ Դուք այդ ամենի հետ կապ չունեք, մարդիկ կան, հիշում են։ Գասպար Կարապետյանը մեծահոգի է, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդ է, մեծահոգի կգտնվի, հազար անգամ նման բան տեսել է»։
Այնուհետև, ցույց տալով 2021-ի ապրիլին կայացած հեռավար կոնֆերանսից մի նկար, որը կազմակերպվել էր Եվրոպայի հայ դատի գրասենյակի և Կիպրոսից եվրոպական խորհրդարանի պատգամավորի կողմից, ասաց․ «Այս համաժողովում ծանոթ մի դեմք է հայտնվում՝ Արման Եղոյանը։ Ուրիշ բաներ էլ կհիշեցնեմ»։ Անդրադառնալով Հայաստանի և հայկական շահի մասին Արման Եղոյանի հնչեցրած հարցին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Չի կարող մի ժողովուրդ աշխարհասփյուռ, որն իրեն հակառակ ապրում է ԱՄՆ-ում, Լիբանանում, իր համար հայրենիքը մնա Հայաստանը, և այդ ժողովրդի տարբեր հատվածների շահերը բախվեն ՀՀ շահերի հետ։ Ես երջանկություն եմ ունեցել 19 տարեկանից ապրել այդ մթնոլորտում, լինել սփյուռքի շատ գաղթօջախներում, այդ մարդիկ ծնվելուց հետո օրորոցայինով հայրենիքի հետ են կապվում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: