Ղարաբաղից տեղահանված առանձին ընտանիքների վարձավճարի համար ամսական մինչև 40 հազար դրամ աջակցություն է տրամադրվում

Հասարակություն

17.08.2026 | 17:30

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների բնակարանի վարձավճարի մասնակի հատուցման ծրագիրը։ Աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամի չափով։ Ծրագրից կարող են օգտվել սահմանված պայմաններին համապատասխանող այն ընտանիքները, որոնք հրաժարվել են բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։

«Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40,000 դրամ:

Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում  է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։

Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝

  • բաղկացած են 1-3 անդամից, բավարարում են ծրագրի պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են հավաստագիրը,
  • հաշվառված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում,
  • ընտանիքի անդամներն ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան կամ 60 և ավելի տարեկան  են՝
  • անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ
  • անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով»,- ասված է ԱՍՀՆ-ի տարածած հաղորդագրությունում։

 

Leave a comment