Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրելու համար ՀՀ եկած տղամարդու ձերբակալությունը

Բաժանորդագրվել

Մոսկվայաբնակ տղամարդու ձերբակալման պատճառ էր դարձել հեռուստաընկերություններից մեկին տված կարճ հարցազրույցը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է, որ մոսկավայաբնակ Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը։ Այս մասին հայտնում են «Legist» փաստաբանական գրասենյակից, որի փաստաբաններից Կարինե Մարգարյանն է զբաղվել Սահակյանի շահերի պաշտպանությամբ։

«Հիմնվելով Կարինե Մարգարյանի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների վրա՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը»,- հայտնում են գրասենյակից։

Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 7-ին ՌԴ վերադառնալիս։ Պատճառը դարձել էր ավելի վաղ նրա տված կարճ հարցազրույցն օդանավակայանում, որտեղ ասել էր, որ ընտանիքի հետ եկել է ընտրություններին մասնակցելու, երեկոյան հետ կգնան, «որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։

Նրա մասնակցությամբ տեսագրությունը բավականին շատ տարածում էր գտել համացանցում նաև քարոզչական նպատակով։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, քանի որ հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին` չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Leave a comment