Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը

Երևանյան գրախանութներից մեկում կարելի է հանդիպել առաջին հայացքից սովորական դասագիրք։ Դրա միջուկում «Աշխարհագրություն» առարկայի ուրվագծային քարտեզներ են 8-րդ դասարանցիների համար։

«Դուստրս գրախանութից ձեռք էր բերել ուրվագծային այս քարտեզը, որի մեջ ներառված էր նաև միջուկը՝ դասապատրաստման համար, նկատեցի, որ դրանում խախտված է սուվերեն պետության տարածքային ամբողջականությունը, տվյալ դեպքում՝ Ուկրաինայի։ Ղրիմը հստակ ներկայացված է որպես Ռուսաստանի մաս»,- Factor TV-ի հետ զրույցում ահազանգում է Դավիթ Ջալալյանը։

Ինչպե՞ս է ուսումնական գործընթացում հայտնվում քարտեզ, որտեղ Ղրիմը ներկայացված է որպես Ռուսաստանի մաս։ Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանը դեռևս 2024-ին հայտարարել էր որ ՀՀ-ն ընդունում է Ալմաթիի հռչակագիրը, որը ոչ միայն ՀՀ-ի այլև ՌԴ-ի ու Ուկրաինայի համար է։

ԿԳՄՍ նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ ատլասը երաշխավորված չէ նախարարության կողմից, ուստի չի կարող կիրառվել որպես ուսումնական նյութ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում։

«Ուսումնաօժանդակ բոլոր նյութերի վրա, որոնք կիրառելի են հանրակրթական ուսումնական հաստատություններում, գրված է լինում, որ դրանք երաշխավորված են ԿԳՄՍ նախարարության կողմից։ Եթե այդ գրառումն արված չէ, նյութը չի կարող կիրառվել հաստատությունում»,-շեշտում է ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։

Եթե ատլասը երաշխավորված չէ նախարարության կողմից, հարց է ծագում՝ ինչպես է այն հայտնվել դպրոցում։

«Չգիտեմ՝ ծնողը տվյալ ատլասը որտեղից է ձեռք բերել, մեր դպրոցում ուսուցիչը ծնողների համաձայնությամբ կամավորության սկզբունքով առաջարկել է օգտագործել ուրվագծային քարտեզ, որը երաշխավորված է նախարարության կողմից, որևէ այլ ձեռնարկ դպրոցում չի կիրառվել»,- ասում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան

 

 

 

Leave a comment