ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը իր ՖԲ էջում այսօր առավոտյան գրել է. «Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացվել է Հարկադիր կատարման ծառայության կողմից։ Իմ բազմազավակ ընտանիքը զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից՝ քաղաքական մրցապայքարին չդիմացող մի խղճուկ իշմարատու թույլիկի պատճառով»։ Aravot.am-ը ընդդիմադիր քաղաքական գործչին խնդրեց մեկնաբանել իր գրառումը։
«Այսօր վաղ առավոտյան իմ բանկային հավելվածի միջոցով փորձում էի ճշտել բանկում իմ հաշիվների ընթացիկ վիճակը, մասնավորապես, կոմունալ վճարումները գանձել են, թե չէ, որովհետեւ այդ շրջանն է։ Ու տեսա, որ հավելվածը իմ բոլոր հաշիվներին ցույց է տալիս զրոյական մնացորդ։ Եվ կար ծանուցում, որ այդ որոշումն ապահովվել է հարկադիր կատարում ապահովող ծառայության միջոցով։ Քանի որ այս պահին իմ դեմ հայցադիմում է ներկայացրել միայն Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետը, որը նաեւ 6 մլն. դրամի ֆինանսական պահանջ է ներկայացրել իր հայցի հետ միասին, ենթադրեցի, որ դա դրանով է պայմանավորված։ Հետո DATALEX տեղեկատվական համակարգից ճշտեցի, որ երեկ դատարանը որոշում է կայացրել իր հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ եւ հավանաբար նաեւ որոշում է կայացրել բավարարել իր միջնորդությունը իմ հաշիվների վրա արգելանք դնելու մասով։
Ու համոզվեցի, որ դա դրանով է պայմանավորված, որովհետեւ ուրիշ պրոցեսներ չկան։ Հետաքրքիրն այն է, որ դատարանը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացրել է երեկ։ Երեկ օրվա դրությամբ հաշիվներիս հասանելիությունը դեռեւս կար։ Այսինքն, շատ օպերատիվ կերպով անմիջապես հաշիվներիս վրա կալանք է դրվել։ Եվ սա արդեն ոչ թե ենթադրություն է, այլեւս կարող եմ ասել՝ պնդում է, որ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նաեւ նշեց, որ դատարանը նման որոշումը կայացնելիս պարտավոր չէ տեղյակ պահել։ «Բայց դատարանը կարող է հաշվի առնել հանգամանքներ եւ այդ հանգամանքները հաշվի առնելով՝ մերժել այդ միջնորդությունը։ Օրինակ, հանգամանք առաջին. Մեր ընտանիքում ուրիշ եկամուտ ունեցող չկա, դա ընդհանուր տեղեկատվական համակարգով հասանելի տեղեկություն է պետական մարմինների, այդ թվում նաեւ դատարանի համար։ Եվ հիմա անկանխիկի մասին օրենք գոյություն ունի, որով որ հիմնական վճարումները, այդ թվում հանրային ոլորտի, մենք կատարում ենք անկանխիկ եղանակով։ Օրինակ, ես իմ երեխաների ուսման վարձի, երաժշտական դպրոցի, հանրակրթական ծառայությունների համար փոխանցման եղանակով եմ վճարում։ Մեր տանը միակ եկամտի աղբյուրը ես ունեմ՝ ԱԺ-ից ստանում եմ աշխատավարձ ու դրանից էլ մեր ընդհանուր կենսագոյության համար ընտանիքի ծախսեր պիտի կատարեմ։ Բայց եթե դատարանը դա արգելափակում է, իր մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ իմ երեխաներն այսօր ի՞նչ պիտի ուտեն։ Ինչի՞ է իմ երեխաներին զրկում իրենց կենսական գործունեության հնարավորությունից։ Նման հանգամանքները պետք է հաշվի առնի, չէ՞։
Կամ եթե հայցը վերաբերում է 6 մլն. դրամի ու արգելափակված է ընդամենը 200 քանի հազար դրամի գումար, միեւնույն է, դու ամբողջ գումարը չես ստանում որպես երաշխիք ստեղծելու համար։ Ուրեմն իմաստը ո՞րն է։ Միեւնույն է, եթե վերջնական որոշումը լինի, պետք է իմ գույքի վրա սահմանափակում դրվի, ինձնից գույքս վերցնեն, տան դրան։ Չգիտեմ, երեւի տունս պիտի ձեռքիցս խլեն, տան Նիկոլին։ Երեւի այդպես է իր ուզածը։ Հարց, իմաստը ո՞րն է՝ իմ ընտանիքի գործունեությունը խափանելու։
Մանավանդ քաղաքացիական հայց է։ Իր հայցի առարկան այն է, որ ես իրեն զրպարտել եմ։ Իմիջիայլոց ասեմ, կարող էր նաեւ ինքը գույքային պահանջ չներկայացներ։ Եթե կարծում է՝ ես իր մասին սխալ բան եմ ասել, կարող էր պահանջել, որ միայն ներողություն խնդրեմ առանց նյութական փոխհատուցման։ Ընդ որում, փողն էլ ուզել է առավելագույն չափով։ Այսինքն, եթե օրենքը դրա համար նախատեսում է մինչեւ 6 մլն. դրամ, ինքն ինձնից ուզել է 6 մլն. դրամ։ Նպատակը ո՞րն է, եթե գիտես, որ հայց ես ներկայացրել պատգամավորի դեմ, որի աշխատավարձը ամսական 600 հազար դրամ է, այդքան գումար որտեղի՞ց, որ քեզ տա։ Ընդ որում, այդ հայտարարությունն էլ որ արել եմ, որպես պատգամավոր եմ արել։ Այսինքն, ինքն ակնհայտորեն այդ ձեւով ուզում է ինձ ֆինանսապես ծանր վիճակի մեջ դնի։ Եվ հայցը տվել է նույն օրը, երբ քրեական դատարանը ինձ ազատազրկման դատապարտելու վճիռ է կայացրել»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Էդգար Ղազարյանը նաեւ հետաքրքիր մի դիտարկում արեց. «Տեսեք, քաղաքացիական դատարանը ինձ ազատազրկման է դատապարտել, քաղաքացիական դատարանով նույն օրը հայց է ներկայացվել ֆինանսական ամենամեծ չափի այն դեպքում, երբ որ իմ դեմ էլի քաղհայցով 9 մլն. դրամի հայց է ներկայացրել Ռոմանոս Պետրոսյանը, 6 մլն. դրամի հայց՝ Ալեն Սիմոնյանը։ Հավաքական իրար հետ տեսեք սրանք ինձնից ինչքան փող են ուզում։ Այսինքն, ես իմ եղած-չեղածը բոլորը պիտի ծախեմ, տանեմ սրանց փողերը տա՞մ։ Այն էլ՝ խոսքի համա՞ր։ Սա քաղաքական հետապնդման ձեւ է», ասաց Էդգար Ղազարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: